Մահացել է գեղանկարիչ Զուլում Գրիգորյանը
Նմանատիպ
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը։ Այս մասին գրված է նկարչի ֆեսբուքյան էջում։
Զ. Գրիգորյանը ծնվել է 1932 թվականին Կրասնոդարում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972), Չեխոսլովակիայում (1972), Գերմանիայում (1977), ԱՄՆում (1977), Դանիայում (1978), Ֆրանսիայում (1977, 1978), Մոսկվայում (1987), Երևանում (1994, 1998), Վիեննայում (2002)։
Զուլում Գրիգորյանի ստեղծագործություններում կարևոր տեղ է գրավել Մեծ եղեռնի թեման, առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր։ «Մղձավանջային օրերը» եղեռնի թեմայով արված շարքի կոմպոզիցիոն յոթ ստեղծագործություններից առաջինն էր։ Հայրենասիրական թեմայով աշխատանքների շարքը լրացնում են «Ձեյթունցիներ», «Կարոտ», «Տեսիլք», «Արդարադատություն», «Երեք սերունդ», «Գարուն էր» գործերը։
Գրիգորյանի գույները հյութեղ է, գերակշռողը՝ արծաթավունը, մոխրագույնը։ Քսվածքը կրքոտ, լարված, որ հաճախ համեմվում է քնքուշ և նուրբ կատարված հատվածներով։ Զուլում Գրիգորյանի բնանկարներն ու նատյուրմորտները տոգորված են սիրով հանդեպ ազգային, կենցաղային իրերը, որոնք կարծես գալիս են լրացնելու պատմական թեմաների նյութերը, որպես լուռ վկաներ անցյալի, որոնք եղել են ու ապրել եռուն կյանքով:
«Արվեստագետի պարտքը ժողովրդի ճաշակը հղկել, բարձր ճաշակ ներշնչելն է։ ժողովրդին բարձրացնել դեպի արվեստը, այլ ոչ թե հակառակը։ Զուլումի արվեստն այս առումով ինձ նվաճել է։ Միանգամից, վերջնական անվերադարձ…Նա աշխատում է այնպես, ինչպես սիրտն է թելադրում։ Իսկ սիրտը հրաշքներ է գործում։ Արվեստի գեղեցկություններ։ Վրձինը սահում է կտավի վրայով և այնտեղ դրոշմում Զուլում Գրիգորյան արվեստագետի էությունը։ Գեղեցիկի ծարավը և այդ սիրուց շնչող բնանկարների հուզականությունը մտքի պայծառացումներ են, կարծես նկարիչը բնության մեջ խորանում է ոչ միայն աչքերով, այլև նյարդերով։ Նրա նկարները միտք են հուզում, զգացմունք արթնացնում»,- գրել է նկարիչ Գրիգոր Խանջյանը (9 փետրվարի, 1978 թ.):
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում