Գյուղական աշխատանքի դժվարությունների մասին
Նմանատիպ
Հայաստանի գյուղերի օրինակով կարող ենք ասել, որ շատ հողագործներ այլևս հող չեն մշակում` համարելով ոչ եկամտաբեր գործ, կան մասնագետներ, որոնք նախընտրում են չաշխատել, քանի որ վարձատրությունը համարում են չնչին, նույնիսկ վիրավորական իրենց կատարած գործի համեմատ: Ընդունելի՞ է այսպիսի մոտեցումը:
Մեր երկրի գյուղատնտեսությունն այսօր փորձությունների առջև է կանգնած: Գյուղացիները հաճախ սպասված բերքը չեն ստանում` երբեմն երաշտի, կարկուտի բերած վնասի և կամ հողի ոռոգման դժվարությունների պատճառով: Իսկ առատ բերքի դեպքում էլ չեն կարողանում ամբողջը վաճառել կամ մթերել, որով և ի վիճակի չեն լինում մարելու բանկերից վերցրած վարկը, ընկնում են պարտքերի տակ, կորցնում անգամ հողատարածքն ու տունը:
Ինչո՞վ կարող է օգնել Եկեղեցին գյուղացուն այս իրավիճակում: Եկեղեցական արարողություններից է անդաստանի արարողությունը, որով բացի եկեղեցում համապատասխան տոների առիթով կատարվող ծեսից` երկրի կողմերն ու դաշտերը օրհնելու աղոթքով, այն կատարվում է նաև գյուղի դաշտերում, հողատարածքներում, աղոթքով խնդրվում է Աստծո ողորմությունը առատ բերքի համար: Օգտակար կլինի հողագործությունն այս արարողությամբ արդյունավորելը, նաև հավատքով ու աղոթքով աշխատանքները կատարելը:
Աստված խոստանում է Իր կամքով ընթանալու դեպքում բազում արդյունքներ տալ հողագործներին (Բ Օր. 11.13-17), և գյուղերում հոգևոր ծառայություն իրականացնող եկեղեցականները պետք է նաև հավատքը ամուր պահեն գյուղացիների սրտերում, որպեսզի նրանք շարունակեն ապրել աստվածահաճո կերպով և չզրկվեն աստվածային օրհնություններից:
Բացի ծիսա-արարողական զորակցությունից, Եկեղեցին, նկատի ունենալով նաև գյուղական աշխատանքի մեծ դժվարությունները, և երկրում կարիքավորների, աղքատների առկայությունը, իր սոցիալական ծառայությունից, նյութական օգնության տրամադրումից զատ պիտի շարունակի խնդրի քննարկումը Եկեղեցի-պետություն հարաբերությունների շրջանակում:
Եկեղեցի-պետություն հարաբերությունների շրջագծում պետք է տեղ գտնեն ոչ միայն պաշտոնական գործակցությունն ու փոխհարաբերությունները, այլև պետական պաշտոնյաների դիտարկումը և նրանց հանդեպ վերաբերմունքը որպես Եկեղեցու հավատացյալների, Եկեղեցու անդամների:
Իշխանության շատ ներկայացուցիչներ մեծահարուստ, ունևոր ընտանիքներից են, և նրանց հարկ է հորդորել ոչ միայն երկրի որոշ բարձր և առավելաբար միջին ու ցածր կենսամակարդակ ունեցող քաղաքացիներից գանձվող հարկերից ձևավորվող պետական բյուջեի միջոցով ծրագրեր իրականացնել, սնանկության մեջ հայտնված, եղանակային անբարենպաստ պայմանների, տարբեր հանգամանքների բերումով տուժած գյուղացիներին պետության գանձանակից միայն փոխհատուցել, այլև այդ ամենն անել նաև սեփական միջոցների հաշվին` կատարելով ողորմության և բարերարության առատ գործեր:
Աղբյուր՝ christianity4all.com։
Հետևեք մեզ նաև Telegram-ում