«Պատկերասրահի մասին խոսելիս չի կարելի շոու սարքել»

«Պատկերասրահի մասին խոսելիս չի կարելի շոու սարքել»

Փարավոն Միրզոյանը` Հայաստանի ազգային պատկերասրահի, մշակութային քաղաքականության, Նկարիչների միության եւ կրթության մասին:

«Երբ խոսում ենք մշակույթի, Հայաստանի ազգային պատկերասրահի նման նշանակալից կառույցի մասին, ապա պետք է հարգանքով խոսենք, չի կարելի շոուներ սարքել, դա վայել չէ այնպիսի ազգին, ինչպիսին մենք ենք: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ Հայաստանի ազգային պատկերասրահը մի քանի տարի հետո դառնալու է 100 տարեկան: Ու ցավոք, այդ 100 տարվա մեջ մենք չենք էլ կարողացել պատկերասրահին, մեր մշակույթին հարիր համապատասխան շենք ունենալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը:

Մեր դիտարկմանը` նախկին «Մանկական աշխարհ» խանութի տարածքը կարծես հարմար է պատկերասրահի համար, արվեստագետը պատասխանեց, որ հարցը քանիցս արծարծվել է տարբեր շրջանակներում, ժամանակին Նարեկ Սարգսյանի հետ զրույցում էլ է այդ մասին խոսվել: Արվեստագետը նաեւ հիշեցրեց` թեեւ նախագահներից մեկն ասում էր, որ ամեն ինչ սեփականաշնորհված է, ինքը շարունակում է պնդել, որ պատկերասրահը պետք է իրեն վայել շինության մեջ տեղակայված լինի. «Նկարներ ու քանդակներ չտեսած մարդը դեռ մուտքից պետք է զգա, որ թանգարան է մտնում»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Փարավոն Միրզոյանի` Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն եղած տարիներին: Գեղանկարիչն ափսոսանքվ հիշեց, որ «Լինսի» հիմնադրամով ոչինչ չի արվել պատկերասրահում, վերից վար պատերը սպիտակ են ներկված եղել:

«Ես զարմացա` մի՞թե Հայաստանում մի ճարտարապետ, դիզայներ չկար, որ մտածեր թանգարանային միտք ունենանալու մասին… Կարելի էր, չէ՞, տարբերել, թե ինչպես պետք է ցուցադրվի հայկական, ռուսական, եվրոպական արվեստը, ամեն մի սրահ պետք է համապատասխան դարաշրջանին համահունչ լինի, քանդակի սրահը լրիվ այլ լուսավորություն պետք է ունենա: Ես նման վատ վերանորոգում երբեւէ չէի տեսել: Մենք 200 եւ ավելի քառակուսի մետր պատուհան փակեցինք, քանի որ դրանք ոչինչ չէին տալիս ցուցադրությանը… Մարդիկ անգամ չգիտեին, որ նման կառույցները ջրով չեն տաքացնում ու սառեցնում, պետք է ճիշտ օդափոխություն եւ համապատասխան միջավայր լինի, ինչը չէին արել, մինչեւ անգամ 50 տարվա խողովակները չէին փոխել:

Մեծ ջանքերի արդյունքում վերջիվերջո կարողացանք կազմակերպել մի թանգարան, որը ժամանակին «քնած» էր, կարողացանք Ազգային պատկերասրահի համար միջազգային ճանաչում ապահովել` Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Չինաստանում, եվրոպական այլ երկրներում, Պուշկինյան, Տրետյակովյան թանգարանում ցուցահանդեսներ կազմակերպեցինք: Պատկերասրահում հրաշալի նոր սրահներ բացվեցին` Գյուրջյանի, Գրաֆիկայի, Արեւելքի, Հունական… Այդ ամեն ինչն արվեց: Ցավոք, կառավարության կողմից ոչ մի ուշադրություն չի եղել, անհրաժեշտ ծախսեր չեն արվել… Ի դեպ, եթե, կառավարություն, դու քո մշակույթը չես պահում, որեւէ տնօրեն կամ մասնաճյուղի վարիչ ի՞նչ պետք է անի: Եվ եթե կա որեւէ թերություն, ուրեմն առաջին հերթին դա տվյալ կառավարության մեղքն է… Աշխարհի բոլոր թանգարանները պետության կողմից մեծ ուշադրության են արժանանում, ոչ թե մեզ նման` եկեք տոմսի գինը բարձրացնենք, էս անենք, էն անենք, որ այցելուները շատանան: Դրանով դու մշակույթ չես զարգացնի»,- ասաց մեր զրուցակիցը:

Խոսեցինք նաեւ վերջին շրջանում շրջանառվող այն լուրերի մասին, թե Հայաստանի ազգային պատկերասրահից նկարներ են «անհետացել», որոշների կրկնօրինակներն են ցուցադրվում:

«Հարգելիներս, եթե որեւէ բան գիտեք, ավելի լավ է ճիշտ ներկայացնեք` որ այսինչ աշխատանքը օրիգինալ չէ, այսինչ ժամանակաշրջանում փոխվել է: Ի դեպ, մենք համապատասխան մասնագետներ էլ չունենք փորձաքննության համար, երկրորդ` ավելորդ խոսակցություններ են, որոնք վնասում են պատկերասրահի իմիջին, երբեմն նույնիսկ ծիծաղելի են: Ժողովուրդը ասեկոսեներից ելնելով մտածում է՝ վայ, թալանեցին: Պատկերասրահն ունեցել է հրաշալի տնօրեններ, նվիրյալ մարդիկ:

Մի բան կարող եմ ասել` ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից բերվել են նկարներ, նվիրատվություններ են արվել, դրանց մեջ, այո, կարող են լինել ժամանակի կրկնօրինակություններ: Նկատի ունեմ այն, որ եթե դա եղել է 100 տարի առաջ, այստեղ տնօրինության կամ որեւէ մեկի մեղքը չկա… Ընդհանրապես ֆոնդերով զբաղվում են գլխավոր ֆոնդապահները, մարդիկ լուրեր տարածելիս չեն մտածում, որ Հայաստանում գոյություն ունի 4-5 ֆոնդ, ինչպես մշակույթի նախարարության ֆոնդը, ցուցահանդեսային ֆոնդը, Նկարիչների միության ֆոնդը… Այդ ֆոնդերից կարող են նկարներ տեղափոխվել, կարող են գողանալ, եւ երբ նկար է պակասում, ժողովուրդը մտածում է, թե դա ազգային պատկերասրահից է անհետացել: Ընդ որում, 4-5 էտապ է անցնում, երբ պատկերասրահից որեւէ տեղ գործ է տեղափոխվում, ինչպես, օրինակ, մշակույթի նախարարի հրամանով:

Վերջերս քանդակի մի ձուլվածք է դրված, ու քննարկում են` վայ, չկա, տարել են, բայց որ Եկատերինա կայսրուհու 3 մետրանոց արձանը տվեցին Ռուսաստանին, ու ես այն ժամանակ չստորագրեցի այդ պայմանագրի տակ, ոչ ոք չի խոսում: Ես ասացի` ավելի լավ է գործից դուրս գամ, քան ստորագրեմ նման պայմանագրի տակ: Կառավարության որոշում հանեցին, տվեցին Ռուսաստանին: Նորից եմ շեշտում` եթե որեւէ բան եղել է, ազգային պատկերասրահը միշտ ներկայացրել է նախարարություն, քննչական կոմիտե, դատախազություն, մենք իրավաբանական կողմ չենք, իրենք են դրանով զբաղվել: Հարգելիներս, եթե կա մի բան, եթե հստակ գիտեք, անպայման տեղեկացրեք համապատասխան մարմիններին»,- հայտնեց Փարավոն Միրզոյանը:

Նա նաեւ հավելեց. «Ինձ դուր չեկավ արվեստաբան Շահեն Խաչատրյանի այն խոսքը, թե ծովից այն կողմ, Եվրոպայում տեսել եմ… Այվազովսկու նկարները աշխարհով մեկ սփռված են, ո՞վ ասաց, որ դա հենց Ազգային պատկերասրահի գործն է: Եթե հստակ գիտեք, պարոն Խաչատրյան, խնդրում եմ ասեք, որ, օրինակ, 47 թվի գործ է, 52 թվի է: Ի վերջո, պատկեասրահի բոլոր աշխատանքները գրանցված են ֆոնդապահների գրքերում: Դուք նշեք, թե որ գործն է անհետացել այդ գրանցվածներից: Չի կարելի ավելորդ խոսակցություն ծավալել` «լսել ենք», «տեսնող է եղել» ձեւակերպումներով… Հայաստանի ազգային պատկերասրահը մեր մշակույթի կերպարվեստի օջախն է, չի կարելի փնովել: Իսկ կա որեւէ հստակ բան, բացահայտենք, պատժենք»:

Փարավոն Միրզոյանը, խոսելով առաջիկա ծրագրերից, ասաց, որ մեծ ցուցահանդես է բացվելու Բելառուսի ազգային թանգարանում` նվիրված Հայաստանի եւ Բելառուսի հանրապետությունների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, որտեղ ցուցադրվելու են Սարյանից մինչեւ մեր օրերը գործող նկարիչները. «Եվս մեկ անգամ խնդրում եմ մշակույթի, ԱԳ նախարարություններին, որ ավելի լրջորեն մտածեն եւ ավելի բարձր մակարդակով կազմակերպեն: Ես հիացած եմ հայ կերպարվեստի, ժողովրդի հանդեպ Բելառուսի մշակութային գործիչների վերաբերմունքից»: Նկարիչը մի ցուցահանդես էլ Գդանսկում ունի, որ կազմակերպվելու է Գագիկ Պարսամյանի հիմնադրած հայկական մշակույթի կենտրոնում:

Փարավոն Միրզոյանը անդրադարձավ նաեւ Սարդարապատի 100-ամյակի առիթով նկարած իր կտավին. «Նախարար Ամիրյանի կողմից էի ստացել բանավոր պատվերը: 100-ամյակը նշեցին, ելույթներ եղան, բայց մնայուն արվեստ չստեղծվեց: Ես որեւէ ակնկալիք չունեմ, բայց այդ ստեղծագործությունը` «Ձոն Սարդարապատի հերոսներին»-ը, պատշաճ ուշադրության չարժանացավ: Հիմա այն ցուցադրվում է Հայաստանի Ազգային գրադարանում, մարդիկ եկան, նկարեցին, հեռուստացույցով էլ ցույց տվին, սակայն կուզենայի մի քիչ լուրջ վերաբերվեին կերպարվեստին: Այս 30 տարվա մեջ երկիրը պետք է ունենար իր մշակութային ծրագիրը, արվեստագետներին պատվիրեր գործել նման առիթներով: Ի՞նչ է նշանակում` անընդհատ ասում են՝ փող չունենք, չկա, է` ունեցիր, գործ արա… Ինչքա՞ն կարելի է ասել` չկա: Չկա, դրա համար էլ այս օրին կլինես: Նման բաներ չպետք է արվեն ո՛չ նախարարության, ոչ էլ նախարարի կողմից: Ի դեպ, նախարարը չէր եկել` ժամանակ չուներ, եկավ փոխնախարարը՝ Տեր-Վարդանյանը»:

ՀՀ ժողովրդական նկարիչը նաեւ կարծում է, որ Նկարիչների միությունն էլ պետք է վերափոխվի, ինչպես երկիրը. «Ի՞նչ է դարձել Նկարիչների միությունը` ոչինչ: Մենք այնքան բան ենք կորցրել, երբ համեմատում եմ նախկինի հետ, կորցրել ենք Նկարիչների միության առաջվա դիրքը, ցուցահանդեսների որակը… Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է նոր համագումար հրավիրել, մտածենք` ինչպես անել, որ վերականգնվի մեր հեղինակությունը»: Նա նաեւ կարծում է, որ միությունների հ/կ-ական կարգավիճակը թույլ չի տալիս վայելել պետության հոգածությունը, եւ խոսքը բնավ գումարի մասին չէ: Մի նկատառում էլ հայտնեց մեր զրուցակիցը. «Ի՞նչ է նշանակում` երիտասարդացնել Նկարիչների միությունը: Միությունում միանշանակ պետք է լինեն կայացած արվեստագետներ, որ այս իրավիճակից հանեն կառույցը: Միությունները պետք է դառնան մեր պետության երակները»:

Արվեստի կրթությանն էլ անդրադարձ եղավ: Փարավոն Միրզոյանը, որ շուրջ 50 տարի կրթության ոլորտում է, կարծում է, որ արվեստի բուհերի գործունեությունը Բոլոնյան համատեքստում չի տեղավորվում. «Կարծում է, որ վերանայումների խնդիր կա` ժամաքանակների, մոտեցման եւ այլնի: Ուսանողների որակը ոչ թե այս կամ այն կաբինետն է, այլ ամբիոնի դասախոսների եւ երիտասարդների համատեղ աշխատանքը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում