Զուլում Գրիգորյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, մեծ վարպետ
Նմանատիպ
Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 86-րդ տարում իր մահկանացուն կնքեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանը:
Զուլում Գրիգորյանը ծնվել է 1932 թ. հունիսի 2-ին, Կրասնոդարում: 1957 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, նույն թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
Զուլում Գրիգորյանի աշխատանքներում կարևոր տեղ է գրավում Հայոց Մեծ եղեռնի թեման, իսկ առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր, որոնց շարքը լրացնում են «Ձեյթունցիներ» (1960 թ.), «Գարուն էր» (1965 թ.), «Երեք սերունդ» (1966 թ.), «Կարոտ» (1971 թ.), «Տեսիլք» (1979-80 թթ.), «Արդարադատություն» (1980 թ.) գործերը: Նկարչի գործերից են նաև` «Ֆրունզե Մկրտչյան» (1956 թ.), «Բանվորական ճաշարան Բրատսկում» (1963 թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1970 թ), «Սպենդիարովը և Գորկին» (1970 թ.), «Հաց հանապազօրյա» (1973 թ.), «Երեկոյան ղողանջներ» (1985 թ.), «Մտորում» (1989 թ.), «Խորեն Աբրահամյան» (1990 թ.), «Կարեն Դեմիրճյան» (1997 թ.), «Աշնանային նատյուրմորտ» (1994-2004 թթ., շարք), «Աստվածընկալ եկեղեցին» (2002 թ.), «Արայի սար» (2010), «Սաղմոսավանք» (2010 թ.):
Զուլում Գրիգորյանի երփնագիրը հյութեղ է, գերակշռողը՝ արծաթավունը, մոխրագույնը: Քսվածքը՝ կրքոտ, լարված, որ հաճախ համեմվում է քնքուշ և նուրբ կատարված հատվածներով։ Զուլում Գրիգորյանի բնանկարներն ու նատյուրմորտները տոգորված են սիրով՝ հանդեպ ազգային, կենցաղային իրերը, որոնք կարծես գալիս են լրացնելու պատմական թեմաների նյութերը, որպես լուռ վկաներ անցյալի, որոնք եղել են ու ապրել եռուն կյանքով։
Զուլում Գրիգորյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972 թ.), Չեխոսլովակիայում (1972 թ.), Գերմանիայում (1977 թ.), ԱՄՆ-ում (1977 թ.), Դանիայում (1978 թ.), Ֆրանսիայում (1977-1978 թթ.), Մոսկվայում (1987 թ.), Երևանում (1994 թ., 1998 թ., 2006 թ.), Վիեննայում (2002 թ.):
2010 թվականին նրան շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարիչ կոչումը:
Զուլում Գրիգորյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, մեծ վարպետ, որի փայլուն ստեղծագործական կենսագրությունն ու ներդրումը հայ կերպարվեստի զարգացման գործում անուրանալի են:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Զուլում Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
Զուլում Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին, ժամը 11:00-13:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Զուլում Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում