Ժիրայր Դադասյան. «Անընդհատ հանրահռչակում ենք մշակույթը` առանց պետության կոպեկը ծախսելու»
Նմանատիպ
Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը տեղեկացրեց, որ Մակեդոնիայի մշակույթի թատրոն «Jordan H.K-Dzinot» ազգային ինստիտուտ-կենտրոնի և Մակեդոնիայի Վելես քաղաքի քաղաքապետարանի հրավերով հուլիսի 18-23-ը մասնակցել են Անտիկ դրամայի «Ստոբի» միջազգային 17-րդ թատերական փառատոնին՝ իրենց խաղացանկային «Արդաղիոն» ներկայացումով: Մնջախաղի թատրոնի ներկայացումը ցուցադրվել է հուլիսի 22-ին` «Ստոբի» անտիկ ամֆիթատրոնում, որտեղ ներկա է եղել ավելի քան 1000 հանդիսատես:
Հուլիսի 29-ին` փառատոնի փակման արարողության ժամանակ հայտարարվել է, որ Երեւանի մնջախաղի պետական թատրոնն արժանացել է փառատոնի Գրան Պրիին՝ լավագույն ներկայացման համար: «Ընդ որում, բոլորը «խոսող» թատրոններ էին, միայն մենք էինք Մնջախաղի թատրոն: Իսկ Վոլոգդայում «Պատմության ձայներ» փառատոնին մասնակցել ենք ժյուրիի նախագահի հրավերով: Չելյաբինսկի փառատոնի ժամանակ էր հանդիպել եւ հրավիրել: Վոլոգդայում պատվավոր հյուր էինք, մրցույթից դուրս էինք, բայց մեզ տրվեց քաղաքապետի հատուկ մրցանակ», – ասաց պարոն Դադասյանը:
Նա հիշեցրեց, որ ապրիլ ամսին էլ Սանկտ Պետերբուրգում անցկացվող Միմիգրանտի հումորի 15-րդ միջազգային փառատոնին, որը նույնպես բացօթյա էր, մեջ ոգեւորությամբ են ընդունվել:
«Ի դեպ, «դրսի» բոլոր փառատոներին հրավիրող կողմը հոգացել է մեր բոլոր ծախսերը, եւ մենք երբեք որեւէ գումար ՀՀ մշակույթի նախարարությունից չենք խնդրել», – ասաց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Նա ընդգծեց. «Կառավարության մշակութային ծրագրում գրված է, որ պետք է հանրահռչակել մեր մշակույթը: Մենք «դրսում» անընդհատ հանրահռչակում ենք առանց կոպեկ ծախսելու ու փող խնդրելու պետությունից»:
Ժիրայր Դադասյանից նաեւ տեղեկացանք, որ վերջին պետպատվերը, որ ստացել են, 5 տարի առաջ է եղել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am: