Հոգևոր իշխանություն․ Իշխանությու՞ն, թե՞ ծառայություն
Նմանատիպ
Հոգևոր իշխանությունը նման չէ քաղաքական կամ ֆինանսական իշխանությանը: Ինչո՞վ է այն տարբերվում:
Հոգևոր իշխանությունը քաղաքական կամ այլ տեսակի իշխանություններից տարբերվում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքով. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկ. 9.34): Քրիստոս, սա սովորեցնելով, բերում է Իր օրինակը` ասելով, որ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28, Մարկ. 10.45): Ուրեմն, հոգևոր իշխանությունը կայանում է ծառայության մեջ, և որքան մեծ է իշխանությունը, այնքան մեծ է ծառայելու անհրաժեշտությունը, պատասխանատվությունն ու պարտականությունը` ըստ կրոնական ընկալման:
Առաքյալները, Եկեղեցու Հայրերն այսպես են բացատրել բարձրաստիճան հոգևորականի սպասավորությունը: Սուրբ Գրիգոր Աստվածաբանն ասել է, որ ինչպես ծովն ալեկոծվում է փոթորիկներով, այդպես էլ եպիսկոպոսի միտքն ալեկոծվում է իր հոտի համար մտահոգություններով: Նա եպիսկոպոսի ծառայությունը կոչել է նաև փոթորիկ մտաց: Այսինքն` որքան բարձր աստիճան ունի հոգևորականը, այնքան նա պարտականություն ունի առավել ծառայելու Աստծուն ու Եկեղեցուն, հավատավոր ժողովրդին:
Բայց այստեղ չի կարելի ընդունել, որ հոգևորականը դառնում է հավատացյալի ծառան ֆեոդալական ժամանակաշրջանի տեր և ծառա հասկացությամբ: Հոգևոր ասպարեզում եկեղեցականների ծառայությունն ընկալվում է հայր և որդի հարաբերությունների ձևով:
Մեր մարմնավոր հայրերը, ծնողներն իրենց ծառայությունն են բերել մեզ` փոքր հասակից խնամելով, սպասավորելով, նաև այդ ծառայությունը այլ ձևով շարունակվում է, երբ մեծահասակ ենք դառնում: Եվ ինչպես մեզ ծառայող ծնողների հանդեպ ցուցաբերում ենք հարգանք և ընդունում ենք նրանց հեղինակությունը, այդպես էլ պետք է վարվենք հավատացյալների հոգևոր սպասավորների հանդեպ:
Յուրաքանչյուրը, ով ընտրում է հոգևոր ուղին, պետք է շատ հստակ պատկերացնի իր քայլի կարևորությունը: Շատերն ունեն հնարավորություն` կրթություն ստանալու հոգևոր ուսումնական հաստատությունում: Հաճախ այդ ընտրությունն անում են դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Ո՞ր տարիքն է բարենպաստ նման որոշման համար:
Հոգևոր կրթօջախում կրթություն ստանալու որոշումը դպրոցական ուսումնառության շրջանն ավարտելուց հետո ճիշտ է, որովհետև նույն ժամանակ երիտասարդները նաև ընդունվում են այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ` ընտրելով լուրջ մասնագիտություններ, ինչպես, օրինակ, բժիշկ, դիվանագետ, իրավաբան և այլն: Այսպես նաև որևէ մեկը, հակում ունենալով հոգևոր ծառայության, կարող է դպրոցից հետո ընդունվել հոգևոր կրթական հաստատություն:
Սակայն քահանայական ձեռնադրության համար եկեղեցական կանոնագրքով հատուկ տարիք է սահմանված` երեսուն տարեկանը, քանի որ քահանայական ծառայության անցնելը լուրջ որոշում է և պետք է կատարվի լրջորեն խորհելուց հետո, հասուն տարիքում: Մեր ժամանակներում, նկատի ունենալով հոգևորականների մեծ անհրաժեշտությունը, ձեռնադրության տարիքը մի փոքր իջեցվել է, և քսանվեց-քսանյոթ տարեկանից, այսինքն` երեսուն տարեկանից քիչ ցածր տարիքից սկսյալ արդեն կարող են քահանաներ ձեռնադրվել:
Մեր պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ավելի փոքր տարիքից նույնիսկ կաթողիկոս են դարձել, ինչպես, օրինակ, Ներսես Շնորհալու եղբայրը` Գրիգոր Պահլավունին, ով Կաթողիկոս ձեռնադրվեց քսան տարեկանում: Այսպիսի դեպքերը բացառություններ են եղել: Գրիգոր Պահլավունին դաստիարակված էր իր նախորդ երկու կաթողիկոսների կողմից և նրանց վկայությունն ուներ` իբրև կաթողիկոսության լավագույն թեկնածու:
Պատմությունը ցույց տվեց, որ Գրիգոր Պահլավունին իր գործունեությամբ և առաքելությամբ մեծապես կարողացավ պայծառացնել Եկեղեցին, և մեր եկեղեցական պատմության մեջ նրա կաթողիկոսության տարիները հիշատակված են կարևոր ազգաշահ ու եկեղեցաշահ ձեռքբերումներով:
Աղբյուր՝ christianity4all.com։
Հետևեք մեզ նաև Telegram-ում