Արարատ Սարգսյանը` «թավշյա» կոմիքսների ու հեղափոխության մասին. «Նախ թող էս շարժումն իրեն արդարացնի»
Նմանատիպ
Aravot.am-ը ճանաչված նկարիչ Արարատ Սարգսյանից հետաքրքրվեց` որպես արվեստագետ եւ քաղաքացի՝ ինչպե՞ս է վերաբերվում թավշյա հեղափոխության մասին կոմիքսների գիրք հրատարակելուն, Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրություն կազմակերպելուն եւ ընդհանրապես նման քայլերին:
«Շատ օբյեկտիվ եմ վերաբերվում», -ասաց արվեստագետը, ապա զուգահեռներ տարավ այլ հեղափոխությունների հետ: «2-3 ամսում երբեք չես հասկանա, թե դա ինչ պատմություն է, ով էր այդ հեղափոխության պատվիրատուն: Նույնը վերաբերվում է բոլոր հեղափոխություններին, ժամանակ է պետք հասկանալու համար` որը ինչ է: Օրինակ, վերցնենք, ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, ինչ էր դա, ինչ եղավ հետո…»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նա մի տպավորիչ օրինակ բերեց ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի մասին. «Կուրբեն 1871 թ Փարիզյան կոմունայի ակտիվ մասնակից էր, հետո էլ նշանակվեց արվեստի գործերի կառավարիչ: Ինքը ոգեւորված այդ ամենից, հեղափոխությունից` ժողովրդին կոչ արեց կոտրել-փշրել Փարիզի Վանդոմյան սյունը, որը նվիրված է Կոմունայից առաջ եղած բուրժուական հեղափոխությանը: Ու այդ սյունն իսկապես տապալեցին: Հետո երբ Կոմունան ընկավ, Կուրբեին կանչեցին, ասացին, որ այդ սյունը արժի այսքան միլիոն, պահանջեցին վերականգնել ու իրեն տարան բանտ: Կուրբեի ամբողջ կարողությունը վերցրին, վերանորոգեցին, երբ բանտից դուրս եկավ, մահացավ: Ֆրանսիան փաստորեն կորցրեց իր հանճարին 65-66 տարեկանում` իր սխալ կողմնորոշման պատճառով»:
Արարատ Սարգսյանը պնդում է` նույն վայրկյանին հնարավոր չէ կարծիք կազմել ցանկացած հեղափոխության մասին: Նրա ձեւակերպմամբ, ինչպես 1917 թվին էլ, այնպես էլ բոլոր հեղափոխությունների ժամանակ իրենց ոլորտներում չկայացած արվեստագետները` վատ նկարիչները, վատ բանաստեղծները, ապաշնորհ դերասանները սկսում են պղտոր ջրում ձուկ բռնել:
«Հիմա էլ մեր մշակույթի նախարարի շուրջբոլորը այդպիսի արվեստագետներ են հավաքված, մինչդեռ լուրջ արվեստագետները գլուխները` կախ, իրենց արվեստանոցներում ու թատրոններում աշխատում են: Ինչ մնում է պատմության թանգարանում սենյակ ազատելուն` էդ շարժման համար, դա ուղղակի անհեթեթություն է, Եղեռնը հազիվ սենյակ ունի այնտեղ… Այդ շարժումը թող նախ իրեն արդարացնի… Մինչեւ հիմա դեռ վրեժ լուծելու վրա է, ես հետեւում եմ»,- նշեց ճանաչված արվեստագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am: