Երբ դու դեռ չկայիր
Նմանատիպ
Երբ դու դեռ չկայիր աշխարհի վրա,
Փակ էին խաղալիքի բոլոր խանութները
Մեծ-մեծ կողպեքներով,
Փակ էին բոլոր տիկնիկային թատրոնները
Մեծ-մեծ կողպեքներով,
Ծաղիկներն ունեին միայն երկու գույն՝
Սպիտակ էին ու սև,
Օդապարիկները վատն էին ու անգույն,
Արագ պայթում էին երկինք դեռ չելած…
Իսկ մի օր
Արևի շողշողուն ճառագայթների վրայով
Ներքև սահեցին անթիվ-անհամար
Գույնզգույն թիթեռներ:
Նրանք անցան խաղալիքների խանութների մոտով,
Եվ անմիջապես բացվեցին բոլոր դռները,
Խաղալիքները աղմկեցին ուրախ,
Նրանք անցան տիկնիկային թատրոնների մոտով,
Եվ վարագույրները բարձրացան վերև,
Եվ սկսվեցին ամենաուրախ ներկայացումները,
Իսկ որ ամենակարևորն է,
Նրանք նստեցին բոլոր ծաղիկների վրա
Եվ ծաղիկները դարձան գույնզգույն,
Ծաղիկները դարձան կարմիր-կապույտ-կանաչ:
Եվ մենք բոլորս հասկացանք անմիջապես,
Որ դու արդեն եկել ես աշխարհ,
Որ դու արդեն բացել ես քո աչքերը,
Եվ ժպտում ես
Ծիածանի բոլոր գույներով:
Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում