Մեր օպերան վերջին 25 տարիների ընթացքում տակնուվրա կյանք է ապրել. Բաբազյան
Նմանատիպ
«Հայաստանի մշակութային քաղաքականության մեջ վերջերս բարելավումներ եմ նկատել»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փարիզաբնակ ռեժիսոր, դերասան Ժիրայր Բաբազյանը։
«Բավականին երկար ժամանակ հին, սովետական մտածելակերպով աշխատաձևեր կային, որոնք ինձ բացարձակ դուր չէին գալիս և խուսափում էի, բայց երբ որ 2016 թվականին պատահաբար հանդիպեցի այն ժամանակ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին, զրուցեցինք, հասկացա, որ սերունդը փոխվել է։ Այդ սերնդափոխությունն ինձ խանդավառեց, այն դերասան-դերասանուհիների, որոնց հետ ծանոթացրեց նա, հասկացա, որ ուրիշ սերունդ է։ Նախորդ սերունդը մի քիչ ինքնահավան էր»,- պատմեց ռեժիսորը։
Նա հայտնեց, որ օգօստոսի 16-ին տեղի կունենա իր բեմադրությամբ Լևոն Չուքազյանի «Կարին» օպերայի պրեմիերան։ Բաբազյանը հատուկ շեշտեց, որ ներկայացման մեջ ներառել է երիտասարդ սերնդի արտիստներին։
«Պրեմիերան մայիսի 12-ին էր նախատեսված, սակայն երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով հետաձգվեց։ Փորձեր չկարողացանք անել, կիսատ-պռատ եղան որոշ փորձեր, մոտենալ չէինք կարողանում Օպերայի շենքին։ Բեմադրությունը արևմտահայերենով է, և այն կլինի այս շրջանի միակ արևմտահայերեն լեզվով մատուցված գործը»,- ասաց Ժիրայր Բաբազյանը։
Նա հիշեցրեց, որ «Կարին» օպերան առաջին անգամ բեմադրել է ֆրանսերեն լեզվով Փարիզում՝ 2010 թվականին, այնուհետև մինչև 2015 թվականը ներկայացրել են Ֆրանսիայի այլ քաղաքներում. «Դահլիճներն ավելի շատ օտար հանդիսատեսով էր լցված, քան հայերով»։
Հարցին, թե այստեղ բեմադրության կազմակերպման ժամանակ ի՞նչ դժվարությունների է հանդիպել, փարիզաբնակ ռեժիսորը պատասխանեց. «Նախ աշխատաձևը շատ տարբեր է, հետո գումարի հետ կապված հարցրեր կան, ամեն մի փորձը գումար է։ Այստեղի օպերան ռեպերտուարային թատրոն է, մի գիշեր «Կարմեն» են երգում, մի գիշեր՝ «Տոսկա», և իրենց կենտրոնացումը մաքուր չի լինում։ Իսկ եթե այսպիսի մեծ մասշտաբային ռեպերտուարով օպերա ենք ցանկանում պահել, պետք է գոնե երկու խումբ լինի։ Օպերան վերջին 25 տարիների ընթացքում այնքան տակնուվրա կյանք է ապրել, որ մեկ երկու տարվա մեջ խնդիրները չեն լուծվի։ Այնտեղ փորձասենյակ չկա մարդավարի։ Երբ բեմը զբաղված է, զուգահեռ աշխատանք տանելու համար փորձասենյակ է պետք»։
Նրա կարծիքով՝ պետության և մշակույթի աշխատողների միջև մտածողությունը լուրջ ուսումնասիրության ենթարկված չէ։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում