Ես, ինչպես գետն ամռան տապին

Ես, ինչպես գետն ամռան տապին

Ես, ինչպես գետն ամռան տապին, խաղաղ էի շատ,
Ջրի վրա միշտ շուշաններ, արևի խայտ:
Հատակումս լիքը տիղմ ու մամռոտ քարեր,
Երկինք նայող ու ժպտացող խոնավ աչքեր:

Ես գետ էի մի խաղաղ, հանդարտ մինչև գարուն,
Դեռ չգիտեի՝ ոնց են գժվում ու վարարում:
Մինչև որ դու սիրուդ ամպով ինձ թրջեցիր,
Որոտալով մինչև հոգուս խորքը բացիր:

Էլ ո՞նց մնար գետս հանդարտ առաջվա պես,
Վարարեցի ու ափիցս դուրս եկա ես:
Անցնող գարնան նման սիրուն, թո՛ղ, հեռացի՛ր,
Մի հին խոսք կա՝,,Մարմանդ գետից դու վախեցիր,,:

Երբ ամառ գա, կրկին հանգիստ մի գետ դառնամ,
Ի՞նչ ես կարծում, սիրուս աղբյուր, կմոռանա՞մ,
Ուշքս ու միտքս գարուն կուզի ու ամպ քեզ պես:
Որ ջրերս երկինք հանի՝ ես փարվեմ քեզ:

Թե այս գարուն դու հեռանաս գետիս կողքից,
Ինչպե՞ս զսպեմ փոթորիկս սրտի խորքի,
Կուզես ուրիշ գետե՞ր թրջել, որ վարարեն,
Ուրիշ ամպից չե՛մ խռովի, գժվի նորեն:

Լավ է ջուրս տամ արևին ու չորանամ,
Գետս շուտով ցամաք դառնա ու վերանամ:
Միայն ափսո՜ս, որ չի լինի մի գետ հանդարտ,
Ջրի վրա բացված շուշան, արևի խայտ…

Լուսինե ԱՂԱՋԱՆՅԱՆ
“Հույզերի Հեղեղ” գրքից
22.06. 2012թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում