Վահան Թոթովենց․ Քառյակներ
Նմանատիպ
Հայրենի՜ կարոտ, դու ծանրանում ես,
Իմ դատարկ հոգում դու խորանում ես,
Ամեն ինչ գնաց, փշրվեց, անցավ,
Բայց դու բարձրանում ու ծովանում ես։
***
Թերևս մոտ է իմ մայրամուտը,
Թերևս այս է իմ մայրամուտը,
Բայց չէ՞ որ գինու բաժակը կես է,
Ուրեմն վա՜ղ է իմ մայրամուտը։
***
Ի՜նչ հրաշալի է այս վերջալույսը,
Ծիրանի ծով է այս վերջալույսը,
Արդյոք կլինի՞ այսպես հրաշալի,
Այսպես ծիրանի իմ վերջալույսը։
***
Դու ինձ սպասիր Եփրատի ափին,
Այնտեղ պարտեզում, մեր այգու ափին,
Ես քե՜զ եմ գալիս, հայրենիքի հող,
Դագաղս թողած աշխարհի ափին։
***
Մի սրինգ կախվեց արևի կրծքից,
Մի ողկույզ վառվեց հողի ընդերքից,
Արևի, հողի այս երգերի տակ
Իմ սիրտս այրվեց մի լուռ կսկիծից։
***
Նստիր իմ ծնկին, մանո՜ւկ ոսկեթել,
Նստիր ու շողա, ծաղի՜կ ոսկեթել,
Իմ սրտից արդեն արյուն է կաթում,
Դու բարձր ճչա, արև՜ ոսկեթել։
***
Վարդերի վրա իջավ իրիկուն,
Իմ աչքի վրա իջավ իրիկուն,
Խաղաղություն է, լո՜ւռ, խավա՜ր ու խո՜ր,
Իմ այգու վրա իջավ իրիկուն…
***
Արցունքներ թափիր, երբ գարունն անցնի,
Թո՛ղ թախիծդ իջնի, երբ արյունն անցնի,
Երգի՛ր, ի՛մ մանուկ, իմ կապուտաչյա՜,
Քո հոգու խորքից այս հուրը կանցնի։