Իմ ոտքերի տակ հովիտն է ծաղկած
Նմանատիպ
Իմ ոտքերի տակ հովիտն է ծաղկած,
Եվ գլխիս վերև ամպեր են ոսկի…
Չգիտեմ ինչո՞ւ հիշեցի հանկարծ
Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,
Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,
Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:
Ամպերն են լողում մայրամուտի մեջ
Գնում են գալիս, գգվում իրարու,
Հորիզոնն ի վար ձգվում են անվերջ,
Անջատվում նորից և գնում հեռու:
Երկու ամպ եկան, հասան իրարու, –
Մեկը ոսկեմորթ եղնիկ թվաց ինձ,
Մեկը լեռներից փախած եղջերու…
Փարվեցին նրանք քնքշանքով մի մեծ,
Հետո հեռացան անհոգ ու անփույթ,
Վառվեցին ոսկե հրդեհների մեջ,
Կապույտների մեջ ծուխ դարձան կապույտ…
Բայց վաղը անձրև կդառնան նրանք
Եվ կհանդիպեն ծովերում հեռու,
Իսկ մենք աշխարհում ինչ էլ որ դառնանք,
Էլ ոչ մի անգամ չենք հանդիպելու:
Այդ մասին գիտե հովիտն այս ծաղկած,
Եվ գիտեն անգամ ապերը ոսկի…
Դրանից չէ՞ որ հիշեցի հանկարծ
Վաղուց մոռացված խորհուրդն այն խոսքի,
Որ դու ասացիր ուրիշ մի հովտում,
Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:
Համո ՍԱՀՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում