«Անփորձ մարդկանց վերցնել ու միանգամից բարձր պաշտոնների նշանակելը ռիսկային է». Էդվարդ Միլիտոնյան
Նմանատիպ
Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հայտնեց` լավ բարեփոխումների սպասումով համբերատար հետևում են, թե հատկապես մշակութային քաղաքականությունը որ հունի մեջ կմտնի:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Գրողների միության նախագահը նշեց, որ թավշյա հեղափոխությունն ունի կոշտ աստառ՝ անարդարության դեմ պայքար. «Տեսնում ենք մեր երկրում իրագործված բազում անարդարությունների՝ արդեն բացված երեսը: Այն, ինչ բանավոր խոսում, ասում էին օլիգարխիայի, թիկնապահների, պաշտոնատարների մասին, տեսնում ենք որոշակի գործեր, որոնք բացահայտվում են»:
Ըստ Էդվարդ Միլիտոնյանի՝ մարտի 1-ի թեման ինչ-որ չափով կապված է հոկտեմբերի 27-ի հետ, քանի որ, եթե մի գործը լրիվ չի բացահայտվում, հաջորդաբար լինելու են նման գործեր:
Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով՝ անփորձ մարդկանց վերցնել ու միանգամից բարձր պաշտոնների նշանակելը ռիսկային է. «Անփորձ մարդկանց, որոնք երկու-երեք հոգու չեն ղեկավարել, վերցնել, միանգամից պաշտոնների նշանակելը ռիսկային է: Եղան անհաջող նշանակումներ, և այդ մարդիկ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին: Այնպիսի մարդիկ կային, որ պատկերացնում էին՝ աշխարհն իրենք են հայտնագործել»:
Հայաստանի Գրողների միության նախագահն այս առիթով նշեց՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ զրույց է ունեցել. «Տիկին Մակունցին ասել եմ, որ գրական հարցերը պետք է քննարկվեն հիմնականում գրողական միջավայրում: Այլ փորձագետների խորհրդականների, խորհրդատուների հետ այդ հարցերը քննարկելը երևի թե լավ լինի, բայց գրողի խնդիրը գրողն ավելի լավ գիտի, քան որևէ մեկ այլ մարդ: Մասնագիտական քննարկումները հենց մասնագիտության տեր մարդկանց հետ պիտի քննարկել: Մենք առաջարկություն ենք արել, սպասում ենք լուրջ քննարկման»:
Երգահան Եղիշե Պետրոսյանը ներկայումս երկրում տեղի ունեցող գործընթացներն այսպես բնութագրեց. «Պետությունը թայֆայից առանձնացնելու գործընթաց է գնում: Դրանք այնքան սերտաճած են իրար, որ շատ հաճախ անհնար էր պատկերացնել, թե որն է պետությունը, որը կլանային հետաքրքրությունը: Սատարում եմ, որ այս գործում հաջողություն արձանագրենք»:
Դառնալով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված թեկնածուներին՝ նշեց՝ մեկը մյուսից լավն են, բոլորին էլ հավանում եմ: Այնուհետև կարևորեց կամքը քաղաքի տնտեսությունը կամ քաղաքի, քաղաքացու կյանքը բարելավելուն միտված աշխատանքներում:
Եղիշե Պետրոսյանը ապագա քաղաքապետին խորհուրդ տվեց լուծել տրանսպորտի, աղբահանության, վերելակների հարցերը. «Այս մարշրուտկաները պիտի գնան գրողի ծոցը. հարմար չի դրանցից օգտվելը, խցանումներ են առաջացնում: Պետք է Հայաստանում դնել վերելակի արտադրություն: Հուշում եմ քաղաքապետին՝ անպայման աշխարհի ամենալավ վերելակ արտադրող ընկերության հետ պայմանագիր կնքել և Հայաստանում վերելակի արտադրություն ստեղծել, որ գլխակեր վերելակներից պրծնենք: Աղբամշակման գործարան է պետք ստեղծել: Սա ո՞ր թիվն է, որ տանես, լցնես ու այրես: Կապ չունի դու եկել ես կինոյից, թե որտեղից, մարդ, եթե ազնիվ լինի ու հետևողական, իր առջև դրված խնդիրները կլուծի»:
Հարցին՝ իսկ կառավարման փո՞րձը՝ մասնավորապես Հայկ Մարությանի պարագայում, Եղիշե Պետրոսյանը պատասխանեց. «Ձեռք կբերի կառավարման փորձը, այնպես չէ, որ ամբողջ քաղաքապետարանը դուրս է գալիս և նոր մարդիկ են բերում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am: