Սբ․ Ներսես Շնորհալի հայրապետի խաղողի օրհնության աղոթքը
Նմանատիպ
Տեր Աստված, Հայր Անսկիզբ, Անեղ և անմահ Բնություն, ինքնագո և անգոյությունից ստեղծված ամեն ինչի Գոյացուցիչ, որ արարչությանդ երրորդ օրը երկրին հրամայեցիր զանազան պտղաբեր բույսեր ու տունկեր աճեցնել` ի պետս զգայական ու շնչավոր կենդանիների: Այս ամենի հետ, ի վայելումն և ի բնակություն բանական բնության, տնկեցիր նաև Քեզնից իր անունը ստացած դրախտի գեղեցիկ ծառերը, որոնց նաև օրհնեցիր` համաձայն Աստվածային այն խոսքի, թե «Աստված տեսավ, որ չափազանց բարի են, և օրհնեց դրանց» (Ծննդ. Ա : 21 — 22):
Իսկ երբ մարդը մեղանչեց Քո պատվիրանի դեմ` արգելված պտղից ուտելով, երկրին և նրա պտուղներին տրված Աստվածային Օրհնությունդ անեծքի փոխեցիր` Ադամին ասելով. «Թող անիծյա՛լ լինի երկիրը քո արածի պատճառով» (Ծննդ. Գ : 17): Այսու արդար վճիռ արձակեցիր:
Եվ ինչպես որ գլխի վախճանից հետո հնարավոր չէ անդամների կենսագործունեությունը, այնպես էլ զգայական արարածների գլխի` մարդու մեղքի պատճառով մեռնելուց հետո անկարելի էր, որ երկրի ծառայական գոյությունը անփոփոխելի մնար Քո կենդանարար Խոսքի օրհնության մեջ:
Իսկ երբ Հայրական թաքնված սերդ հայտնեցիր մարդկային ցեղին` առաքելով Միածին Որդուդ, որպեսզի իբրև ծաղկյալ գավազան բխի Հեսսեի արմատից ըստ մարմնի և բուսնի իբրև վայելչագեղ ու անուշահոտ ծաղիկ անարատ կույս Մարիամից, և իբրև կենաց ու անմահության պտուղ տրվի մեր մահկանացու բնությանը, խաչի վրա Քրիստոսով վերստին օրհնեցիր ողջ տիեզերքը` համաձայն Քո այն անսուտ խոստման, որ տրվեց հավատքի հայր Աբրահամին, թե «քո զավակի միջոցով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը»:
Եվ եթե անեծքի դատապարտությունը տիրեց թե՛ ամենի ինչի վրա իշխան կարգված մարդուն և թե՛ նրա իշխանության ներքո եղածներին, ապա, մարդկային բնության օրհնություն ստանալու պարագային, որքան առավել պետք է Աստվածային վերօրհնությանը հաղորդակից լինեին արարածների զգայական բնությունները:
Ողկուզավոր բոլոր պտուղներից խաղողի հյութն առավել արժանի դարձավ օրհնության մեծագույն շնորհին` լինելով Միածին Որդուդ փրկագործ արյան նյութը, որով գնվելով, ազատվեցինք մեղքի ու մահվան ծառայությունից: Խաղողի այս հյութն էր, որ Վերնատան Խորհրդի մեջ ձեռքը վերցնելով` օրհնեց ու ասաց. «Այս է իմ արյունը»: Այս պտղի միջոցով կատարյալ օրհնություն ընդունեցին նաև նրան համասեռ բոլոր պտուղները:
Եվ արդ, Ո՛վ Տեր, նույն օրհնությամբ, որով օրհնեցիր Քո կողմից ստեղծված բարի արարածներին առաջին արաչությանդ ժամանակ, օրհնեցիր նաև երկրորդի ընթացքում, օրհնիր նաև այժմ Քեզ նվիրված նորոգված տարվա երախայրիքի այս պտուղը` խաղողի ողկույզները, ըստ Ահարոնի հին քահանայության, ինչպես որ օրինադրեցիր Իսրայելի տոհմի համար Մովսեսի ձեռքով` բոլոր պտուղների անդրանիկն ընծայաբերել Քո Վկայության Խորանին: Եվ սա հաստատվեց, որպեսզի մասնավոր ընծաների միջոցով Քո օրհնությունը տարածվի բոլոր պտուղների վրա: Այսպես նաև ընծայաբերված այս պտղին խառնելով միացրու Քո Աստվածային և հոգևոր օրհնությունը, որպեսզի, այս նյութական պտուղների ճաշակմանը համաժամանակ, Քո օրհնության իմանալի շնորհը սրա միջոցով միախառնվի ճաշակողների հոգիներին: Եվ որպեսզի մաքրություն և մեղքերի թողություն ստանան այս ճաշակմամբ, և սրանով արժանի լինենք ճաշակելու այն կենաց ծառի պտղից, որ հրամայեցիր Քերովբեների դասին` պահպանել բոցեղեն սրով: Այս ճաշակմամբ անմահանալով` անմահների դասերի հետ միշտ` պիտի փառավորենք Քեզ` Որդուդ և Ամենասուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ
(Ուղղված առ Որդին Աստված)
Օրհնյալ ես Որդի և Հոր Խոսք, առաջին լույսի անճառելի ճառագայթ, կերպարանք և պատկեր աներույթ Աստուծո, Նրան գոյակից և արածներին գոյավորելիս արարչակից: Որ ասացիր խոսքով, և ստեղծվեցին, հրամայեցիր, և հաստատվեցին, քանզի Քո իմանալն ու կամենալը կատարյալ գործ է: Որ փայտե տունկերից ամենատկարին` խաղողի որթին, պտղի օգտակարության շնորհիվ, ավելի զորավոր դարձրիր, քան բարձրուղեշ ծառերը:
Գերագույնդ անգամ, օրինակ վերցնելով, պատվեցիր այն և Քեզ անվանեցիր որթ, իսկ սիրով Քեզ շաղկապվածներին` ոստեր, Քո Հորը` մշակ և տնտես, որ արդար գործեր պտղաբերողներին, հատողների օրենքի համաձայն մաքրում է, իսկ անպտղատուներին հատում` հավիտենական հրի նյութ դարձնելով:
Մարգարեների միջոցով գինին ներկայացրիր որպես տրտմության լուծիչ և ուրախության պատճառ, որովհետև «գինին ուրախացնում է»,- ինչպես ասաց ըստ մարմնի Քո հայրը` Դավիթը: Իսկ նրա որդին` Սողոմոնը, պատվիրում է գինին տալ նրանց, ովքեր տրտմության մեջ են, ինչպես որ Դու Վերնատան մեջ արդարորեն տվեցիր ուրախարար կրկնակ նշանակության բաժակը` Քավիչ Արյունդ և Հոգու իմաստությունը:
Այս խորհուրդը հաստատեցիր նաև Քո օրինակը եղող Մելքիսեդեկով, երբ նա հաց և գինի մատուցեց Աբրահամ Նահապետին: Նույնը վկայեցիր նաև Նոյով` մխիթարություն պարգևելով ջրհեղեղով աշխարհի կործանման պատճառով տրտմածին, քանզի Նոյը տնկեց առաջին այգին, ինչպես ասում է Ս. Գիրքը, «Եվ արդարը խմեց գինուց և զմայլվեց»:
Թեպետ և գինին Քո կողմից որպես բարյաց պարգև տրվեց, սակայն սրա հետ անիմաստաբար վարվողների անձերի համար խմելը դարձավ չարիքի պատճառ, ինչպես որ Քո կողմից բարի արարվածներից շատերի:
Եվ արդ, Ով Տեր, Քո անվան փառքի տաճարին ընծայված այս ողկույզների պտուղն օրհնիր Քո նախնական օրհնությամբ, ինչպես օրհնեցիր ողկույզների մեջ գտնված ճիռը (ողկուզակ) և նրանց, ովքեր ճաշակում են Քո կողմից օրհնված այս պտղից, շնորհիր մեղքերի թողություն, հոգու և մարմնի առողջություն: Սրանից հավատքով ճաշակողներին արժանացրու եդեմական դրախտի անմահական պտղից ճաշակել` դրախտը ժառանգող ավազակի պես:
Օրհնի՛ր, Ով Տեր, նորահաս պտուղ ընծայողներին և այս անցնող պտղի փոխարեն նրանց շնորհիր արժանանալ անմահական կյանքի վայելչությանը:
Օրհնիր, Տեր, նաև այն որթատունկերը և այգիները, որոնցից քաղվեցին օրհնության համար բերված ողկույզները և ընծայվեցին Սուրբ Եկեղեցուն, դարձրու դրանք պտղաբեր և արգասաբերության մեջ` բազմաբեղուն, ինչպիսին բազմաբեղուն և պարարտ հողն է:
Անփորձանք պահիր, Ով Տեր, արտերն ու այգեստանները, որտեղից բերված են այս պտուղները: Հեռու պահիր դրանք կարկտից, եղյամաբեր սառնամանիքից, խորշակահար հողմերից, վնասակար ճիճուներից և ամեն տեսակի վնասակար պատահարներից, որպեսզի, վայելելով Քո նյութեղեն բարիքները, որ այս աշխարհում մեզ շնորհեցիր Քո փառքի համար, միաժամանակ արժանի լինենք Քեզ հետ ուտելու և ըմպելու Հորդ Արքայության սեղանի ամենակենսալի որթի բերքից, համաձայն անսուտ խոստման, որ Քո կողմից տրվեց, ի պատիվ և ի փառս համագո Երրորդության` Հոր և Որդու և Ամենասուրբ Հոգու, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում