«Աստվածամոր կերպարի մեջ կարելի է գտնել մարդու առաքինության բոլոր դրսևորումները»
Նմանատիպ
Այս տարի օգոստոսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Ի՞նչ է սովորեցնում Սուրբ Տիրամոր կերպարը կանանց, կնոջ դերն ընտանիքում, մայրության և որդեծնության խորհուրդը. այս և այլ հարցերի մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Տ. Շահե ծ.վրդ. Անանյանը:
– Հայր սուրբ, ասում են` Սուրբ Կույսը մի հայելի է, ուր հայ քրիստոնյա կանայք պետք է գտնեն իրենց իդեալական պատկերը: Իսկ ինչպիսի՞ն է այդ պատկերը…
– Ինձ համար նախևառաջ կարևոր է ընտանիքի հանդեպ բացառիկ հավատարմությունը` անգամ անհասկանալի թվացող փաստերի կամ երևույթների դեպքում: Ինչպես, օրինակ, թեև Սուրբ Կույսը չէր հասկանում, թե ինչու պետք է խաչվի իր որդին (նա գիտեր, որ պատրաստված է ինչ-որ արտասովոր բան, բայց չգիտեր, թե ինչ է լինելու), սակայն հավատարիմ մնաց մինչև վերջ:
Եկեղեցու հայրերի կողմից ևս կարևորվում է հավատարմությունը, որ բացառիկ է, անմնացորդ և երբեմն նույնիսկ կարող է հասնել առաջին հայացքից անիմաստ ու անտրամաբանական չափերի…
Եվ, անշուշտ, այս ամենի հետ անբաժանելիորեն կապված են հեզությունն ու խոնարհությունը, քանի որ եթե մեկը հավատարիմ է, դրա մեջ կա և′ հանդուրժողականություն, և′ անմնացորդ նվիրում, և´ խոնարհում այն անձի նկատմամբ, ում նա հավատարիմ է: Ոչ թե ստրկություն, այլ խոնարհում, որ միախառնված է հանդուրժողականության, փոխըմբռման և հեզության հետ: Այս դեպքում մարդը մշտապես հանգիստ է, քանի որ իր անցած ճանապարհի երկու եզրագծերը հեզությունն ու խաղաղությունն են: Նա այլևս ոչինչ չունի անհանգստանալու, և այստեղից էլ առաջ է գալիս այն բնական խաղաղությունը, որ կա Աստվածածնի կերպարի մեջ, և որին մենք հաճախ մայրական հեզություն կամ մայրական խոնարհություն անունն ենք տալիս:
– Մեր օրերում կնոջ բարոյահոգեբանական նկարագրի փոփոխություն է նկատվում. շատերը չեն էլ մտածում Աստվածամորը նմանվելու մասին: Որքանո՞վ է դա վնասակար, ի՞նչ լուրջ վտանգներ կարող են լինել:
– Այսօր շատ դեպքերում արհեստականորեն փորձում են մոռացության մատնել Աստվածածնի կերպարը և տեսնում ենք հաճախ ոչ պատշաճ գույների հասնող մոտեցումներ, ինչպես` Մարիամ Մագդաղինացու կերպարը, որ, իբրև Հիսուսի կինն է: Այս արհեստական, մտացածին երևույթները նպատակ ունեն շեղելու այն բազմադարյա կերպարից ու հատկանիշներից, որ մենք տեսնում ենք Աստվածածնի պատկերների մեջ: Սա շատ մտահոգիչ է, քանի որ այսօր կանանց մեծ մասի համար Աստվածածնին նմանվելու ճանապարհը, ձևը խորթ, և շատ դեպքերում, նաև խանգարող հանգամանք է դարձել: Եվ կարող ենք ասել` այս ամենն ընկած է գլոբալ հիմնախնդիրների արմատներում` հաշվի առնելով կնոջ իրավունքների ոտնահարման այն արհեստական լոգոն, որ ստեղծել են ժամանակակից ֆեմինիստական շարժումները կամ աշխարհում տիրող աբորտների և արհեստական վիժեցումների հսկա ալիքը:
– Երջանկահիշատակ Գարեգին Ա Հովսեփյանց հայրապետի բնորոշմամբ` ընտանիքը նման է Եկեղեցու, որի քահանան մայրն է: Իսկ որո՞նք են այդ քահանայի պարտականությունները:
– Ընդհանրապես, քահանայի հիմնական պարտականությունը Քրիստոսի մարմնի ու արյան տեսքով կյանք բաշխելն է: Իմ կարծիքով` գլխավոր, բացառիկ և միակ հատկանշը, որ շնորհված է կանանց և կնոջը դարձնում է ընտանիքի քահանա, կյանք բաշխելու ունակությունն է` և´ հոգևոր, և´ մարմնավոր իմաստով:
Իհարկե, տարբեր կանայք տարբեր կերպ են ընկալում իրենց առաքելությունը: Բայց իմ կարծիքով կնոջ գլխավոր առաքելությունն այս աշխարհում կյանքը շարունակելը և արժևորելն է:
Եվ պետք է հիշել, որ յուրաքանչյուր ոք Աստվածամոր կերպարին հասնելու համար նախ և առաջ կարիք ունի ձգտելու փոխմբռման, հեզության և ներքին մաքրագործման:
– Ըստ Եկեղեցու սուրբ հայրերի` մայրության բարձր ու վսեմ խորհուրդը խտացված է սուրբ Աստվածամոր կերպարի մեջ: Իսկ մեր սուրբ հայրերից մեկը մայրությունը քահանայագործությունից էլ բարձր է դասում` ասելով, որ դրանից բարձր կոչում չկա աշխարհում: Հայր սուրբ, ի՞նչ է Ձեզ համար մայրությունը:
– Ինձ համար մայրության խորհուրդը Սուրբ Աստվածածինն է: Մայրությունն ինձ համար անձնավորվում, կապվում և հանգում է Աստվածածնի կերպարին, քանի որ Սուրբ Տիրամայրը հենց այն բարձրագույն կետն է, վեհ կերպարը, որի մեջ կարելի է գտնել մարդու առաքինության բոլոր դրսևորումները:
Քրիստոնեության մեջ յուրաքանչյուր կին կոչված է այսպես ասած մասնակցելու մարդկության փրկությանը, քանի որ եթե չկա կին արարած, չկա նաև Եվայի կամ Ադամի մեղքի անեծքի ջնջում երկրի վրայից: Կյանքի շարունակականությունը, որ իբրև պարտականություն դրվում է կնոջ ուսերի վրա (չէ՞ որ ՙԵվա՚ նշանակում է կյանք), շատ մեծ, կարևոր և պատասխանատու գործ է: Եվ, ի վերջո, կյանք շարունակելը, ինչ-որ մի բանի կյանք տալն արդեն աստվածային նմանություն է, քանզի միայն Աստված կարող է կյանք պարգևել:
Անշուշտ, կինը և տղամարդը հավասարապես են կյանք տալիս, նրանք հավասար են ստեղծելու մեջ, բայց կյանքը ձևավորվում, խնամվում և իր վերջնական կետին է հասցվում կնոջ մեջ և կնոջ միջոցով:
– Առաքյալի խոսքերով` տղամարդը գլուխն է կնոջ. արդյո՞ք դա չի նվազեցնում կնոջ դերը:
– Ոչ: Մենք հաճախ Պողոս Առաքյալի այդ խոսքը հատվածաբար ենք դիտարկում: Նա ասում է` ՙինչպես Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, այնպես էլ տղամարդը գլուխն է կնոջ՚: Այսինքն` եթե մենք դիտարկենք այս տեսանկյունից, ստացվում է, որ Քրիստոս ստորադասում է իր մարմինը` եկեղեցին, ինչը բացարձակ սխալ է, քանի որ նրանք երկուսը կապված են անքակտելի կապով:
«Կնոջ գլուխը տղամարդն է» նշանակում է, որ նրանք կապված են մի այնպիսի կապով, որի դեպքում թե´ գլուխը` տղամարդը, թե´ մարմինը` կինը` պետք է փոխադարձ և անմնացորդ սիրեն միմյանց:
Միաժամանակ, կինը պետք է հնազանդ լինի տղամարդուն, ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին: Սակայն կնոջ կողմից հնազանդությունը նախ և առաջ հնազանդություն է այն իրականությանը, որտեղ նա պետք է մտնի: Յուրաքանչյուր զույգի ստեղծում երկու անծանոթների ծանոթացումն է, մեկ մարմին դառնալը: Այստեղ պահանջվում է փոխադարձ հնազանդություն, բայց առավել ևս կնոջ պարագային, քանի որ նա հեռանում է իր ընտանիքից և օտար միջավայրին հարմարվելը հնազանդությունն է. հնազանդություն օտարին, անծանոթին և սրա, այլ ոչ ստրկության մեջ է վեհությունն ու գեղեցկությունը:
– Կնոջ համար կյանքում կարևորը մայրությունն է, որ միայն զավակ ունենալը չէ, այլ նաև այդ զավակին մեծացնելը` որպես գիտակից քրիստոնյա, որպես իր ժողովրդին նվիրված մեկը: Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ մայրիկներին:
– Միշտ աղոթել Աստվածածնին, որ նա շնորհ տա` մայր մնալու և մայրեր դաստիարակելու. դա ամենամեծ առաքելությունն է:
Իսկ այն բոլոր խոչընդոտները, որ կարող են լինել կյանքում` ընտանեկան անհաշտություններ, խնդիրներ, բացարձակապես չքանում են այն վեհ գաղափարի առաջ, որ կինը կարող է դաստիարակել մեկին, ով հետագայում կարող է դառնալ և´ սուրբ, և´ քահանա, և եկեղեցու գլուխ, և´ երկրի գլուխ և այլն…այս բացառիկ առաքելությամբ է, որ երիտասարդ մայրիկները պետք է կառուցեն իրենց ապագան:
Հարցազրույցը` Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Աղբյուր՝ ter-hambardzum.net։