Անպատասխան

Անպատասխան

Վերևները չեն կարող, ներքևները չեն ուզում…
Հին հեղափոխական ասացվածք

Տե՛ր, կա՞ քո կամքին ըմբերանող,
կամ անկարո՞ղ ես որևէ ինչ,
և անծպտուն խոնարհ չէ՞ քեզ ամենը
ամենուրեք ու միշտ՝

ասուն ու հակառակը,
անշունչ ու շնչավոր,
լույս ու խավար,
ջուր ու ցամաք
և զատումը նրանց ճիշտ ժամանակին,
և՛ երկիր, և՛ ծով, և՛ միջնատարածք,
որի վրայով կարելի է քայլել
Հիսուսի, Շաքյա Մունիի, Ռիչարդ Բախի
և էլի մի քանի համահեղինակների
ուղեցույցով միայն…

Անծպտուն խոնարհ չե՞ն-
նյութի վիճակները,
չորս տարրերը գոյի,
չորս եղանակը ոգու,
զգայարանները հինգ ու նույնիսկ վեցերորդը,
Հիրոսիմայի ու Նագասակիի անառակ որդու
վերադարձը 2011 թվին,
սըր Իսահակ Նյուտոնի անկյալ արագացումը
և էյնշտեյնի լեզուն,
աստղանձրևներն ու ասուպաձյունը
և ամենադիպուկ երկնաքարի
անկումն անբասրելի,
որ կհասցնեն գնահատել
Աշխարհասարդը,
Խոռոչը սև
ու Վերջին Ճերմակ բիծը:-

Մի խոսքով,
էդ ի՞նչ չես կարող
կամ ի՞նչ չի գալիս ձեռիցդ,-

կամ էդ ի՞նչ է, որ անծպտուն խոնարհ
չի երազում լիզել ամենատու ափից
ցավալի վրիպումը Քո վեցերորդ օրվա –

թե՞ ուրիշ Վերևներ էլ կան
Ներքևների համար…

Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ
«ԱՆՊԱՏԱՍԽԱՆ» շարքից

Հետևեք մեզ նաև Telegram-ում