Մի մոռացեք ձեր խիղճը

Մի մոռացեք ձեր խիղճը

«ՀԱՅՐԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՎԱՆԱԿԱՆԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱ, ՈՐ ԽԻՂՃԸ ԻՐԵՆ ԻՆՉ ՈՐ ԲԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՄԱՆԻ»

Իսկ խղճի պահպանությունը բազմազան է, քանզի մարդը պետք է պահպանի իր խիղճը թե Աստծո, թե մերձավորի և թե առարկաների նկատմամբ: Աստծո հանդեպ իր խիղճը պահպանում է նա, ով չի անտեսում Նրա պատվիրանները, նույնիսկ այն բանում, որը մարդիկ չեն տեսնում, և որը ոչ ոք չի պահանջում մեզանից, նա պահպանում է իր խիղճը Աստծո հանդեպ գաղտնի (իրավիճակներում):

Օրինակ՝ ծուլանում է մեկը աղոթքի մեջ, կամ կրքոտ մի խորհուրդ է մտնում նրա սիրտը, իսկ նա չի դիմադրում նրան և չի զգաստանում, այլ ընդունում է այն: Նմանապես մեկը, տեսնելով մերձավորին ինչ-որ բան անելիս կամ ասելիս, դատում է նրան, ինչպես (սովորաբար) պատահում է: Կարճ ասած՝ այն ամենը, ինչ որ լինում է գաղտնի, որը ոչ ոք չգիտի, բացի Աստծուց և մեր խղճից, պարտավոր ենք պահպանել. հենց սա է խղճի պահպանությունը Աստծո հանդեպ:

Իսկ խղճի պահպանությունը մերձավորի հանդեպ պահանջում է, որպեսզի երբևիցե չանենք ոչ մի այնպիսի բան, որը, ինչպես մենք գիտենք, կարող է նեղացնել կամ գայթակղել մերձավորին՝ թե գործով և թե խոսքով, թե տեսքով և թե հայացքով, քանզի թե ձեռքով, ինչպես հաճախ եմ կրկնում, թե նույնիսկ հայացքով կարելի է վիրավորել եղբորը: Կարճ ասած՝ մարդ չպետք է մտադրված անի այնպիսի մի բան, որի նպատակը մերձավորին վիրավորելն է: Սրանով արատավորվում է նրա խիղճը՝ գիտակցելով, որ այդ բանը արված է՝ եղբորը վնասելու և տրտմեցնելու համար, և սա էլ նշանակում է պահպանել խիղճը մերձավորի հանդեպ:

Իսկ խղճի պահպանությունը առարկաների հանդեպ կայանում է նրանում, անփութորեն չվերաբերվենք որևէ իրի հետ, թույլ չտանք, որ այն փչանա, և չգցենք այն, ինչպես որ պատահի: Իսկ եթե տեսնում ենք մի կողմ նետված ինչ-որ իր, ապա չպետք է անտեսենք այն, թեկուզև այն չնչին լինի, այլ հարկ է վերցնել և դնել իր տեղը: Չպետք է նաև անհետևողական վերաբերվել սեփական հագուստի հետ, քանզի պատահում է, որ մեկը իր հագուստը կարող է կրել մեկ կամ երկու շաբաթ, կամ նույնիսկ մեկ ամիս, սակայն նա հաճախակի լվանում է այն տարաժամ և էլ ավելի փչացնում է այն, և փոխարեն կրելու այն հինգ ամիս կամ ավելի հաճախակի լվացմամբ այն դարձնում է հնամաշ և անպիտան: Իսկ սա հակառակ է խղճին:

Նմանապես և անկողնու վերաբերյալ, հաճախ մեկը կարող էր բավարարվել մեկ բարձով, բայց նա փնտրում է լայն անկողին, կամ ունի քուրձ, բայց ուզում է փոխել այն և ձեռք բերել նորը կամ էլ ավելի գեղեցիկը՝ փառասիրությունից կամ էլ ձանձրույթից մղված: Մեկի համար կարող էր բավարար լինել մեկ ծածկոցը, սակայն նա փնտրում է ուրիշ ավելի լավը, երբեմն նույնիսկ վիճում էլ է, երբ չի ստանում այն: Իսկ եթե նա սկսի աչք տնկել իր եղբոր ունեցածի վրա և ասի.«Ինչո՞ւ նա ունի, իսկ ես չունեմ» ապա այդպիսին տակավին հեռու է առաջադիմությունից:

Նմանապես, եթե մեկը իր հագուստը կամ ծածկոցը կախի արևին և ծուլանա ժամանակին վերցնել դրանք և թույլ տա, որ փչանան տոթից, ապա դա ևս հակառակ է խղճին: Նմանապես և կերակրի պարագայում, մեկը կարող է իր կարիքները բավարարել կամ բանջարեղենի փոքր-ինչ քանակությամբ, կամ ոսպով, կամ փոքր-ինչ ձիթապտղով, սակայն չի ուզում այդ, այլ փնտրում է այլ կերակուր՝ ավելի համեղը և ավելի լավը։

Այս բոլորը խղճին դեմ է: Հայրերն ասում են, որ վանականը երբեք չպետք է թույլ տա, որ խիղճը իրեն ինչ-որ բանում հանդիմանի: Եվ այսպես, եղբայրնե՛ր, մեզ անհարժեշտ է, որ մշտապես ուշադիր լինենք մեր անձերի հանդեպ և պահենք մեզ այդ ամենից, որպեսզի չենթարկվենք այն պատուհասին, որից Տերն Ինքն է զգուշացնում մեզ, ինչպես որ վերը ասացինք: Թող Աստված մեզ շնորհի լսել և կատարել այս, որպեսզի մեր հայրերի խոսքերը մեզ որպես դատապարտություն չծառայեն: Աստծուն փառք և իշխանություն հավիտյանս:

Ամեն:

ԱԲԲԱ ԹՈՐՈԹԵՈՍ
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում