Ռեհանլում տեղի ունեցած ահաբեկչությունը Թուրքիան որպես ալիբի է կիրառում
Նմանատիպ
Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեկնել է Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառ’ անվտանգության հատուկ միջոցառումների ներքո:
Հիշեցնենք, որ Մայիսի 11-ին թուրք-սիրիական սահմանի մոտակայքում գտնվող Ռեյհանլը բնակավայրում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 51, վիրավորվել’ 155 մարդ։
Ըստ «The Wall Street Journal»-ի, ահաբեկչություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Թուրքիայի ինը քաղաքացիներ, որոնք այժմ հարցաքննվում են: Թուրքական կողմը մեղադրում է սիրիական հետախուզությանը ահաբեկչությունը կազմակերպելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը Գյուլին ուղեկցել են նաև Ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, անվտանգության վարչության ղեկավար Մեհմեթ Քըլըչլարը և Հաթայի նահանգապետ Մեհմեթ Ջելալեթթին Լեքեսիզը: Ռեյհանլըում արած ելույթի ժամանակ Գյուլը նշել է, որ ցանկացած մարդ, ով մեղավոր է Ռեյհանլըի պայթյունների համար, կրելու է կատարվածի պատասխանատվությունը:
Թուրքիայի նախագահը, իր ցավակցություն ու զորակցությունը հայտնելով Ռեհանլի բնակիչներին, սահուն անցում է կատարել Սիրիայի թեմային’ նշելով, որ թույլ չեն տա, որպեսզի Թուրքիան Սիրիայի վերածվի:
« Միջազգային հանրությունը հենց ամենասկզբից Սիրիայի հարցում կիրառում էր միայն հռետորաբանություն և հերոսական մոտեցում: Մեծ տերությունների վարած քաղաքականության հետևանքով ՄԱԿ-ում միասնական մոտեցում չէր ձեռք բերվում: Եվ միայն հիմա է , որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պատրաստվում են խաղաղության կոնֆերանս գումարել»,- Գյուլի խոսքերն է նշում «Zaman»-ը:
Հետաքրքրական է, որ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական ակտը տեղի ունեցավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի’ ԱՄՆ կատարվելիք պաշտոնական այցից առաջ, ինչն էլ ավելի է մեծացնում Թուրքիայի հնարավորությունը լծակներ կիրառել Օբամայի նկատմամբ’ ուժեղացնելու Սիրիայի վրա ճնշումը:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում