Լիբանանում ներկայացվել է հայկական մշակույթը
Նմանատիպ
Մայիսի 14-ին Քասլիկի համալսարանի հայ ուսանողների նախաձեռնությամբ Հայկազյան համալսարանի Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվեց հայկական մշակութային օր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայկազյան համալսարանի Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դակեսյանը, Քասլիկի համալսարանի ուսանողների հարցերով բաժնի փոխտնօրեն Խալիլ Աբուդը:
Դեսպան Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ արվեստին:
Անդրանիկ Դակեսյանը խոսեց լիբանանահայության եւ նրանց դերի մասին հայ-լիբանանյան պատմական առնչությունների շառավիղում:
Համալսարանի տարածքում կազմակերպվեցին ցուցահանդեսներ՝ հայ ոսկերիչների, գորգագործների եւ արհեստավորների մասնակցությամբ:
Ձեռնարկին ներկա էին համալսարանի տնօրինությունն ու ուսանողները, ինչպես նաեւ Ազգային Եղիշե Մանուկյան վարժարանի 11-րդ եւ Համազգայինի Մելանքտոն եւ Հայկ Արսլանյան Ճեմարանի 10-րդ դասարանների աշակերտները:
Քասլիկի համալսարանը հիմնադրվել է 1950 թվականին: Համալսարանի 11 ֆակուլտետներում ուսանում են աստվածաբանություն, փիլիսոփայություն, բիզնես, գյուղատնտեսություն, բժշկական եւ ինժեներական գիտություններ, իրավաբանություն, երաժշտություն, գեղանկարչություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում