Կոնստանտին Օրբելյանը` Հասմիկ Պապյանի, «տապալված» «Գայանեի» ու կաթող տանիքի մասին

Կոնստանտին Օրբելյանը` Հասմիկ Պապյանի, «տապալված» «Գայանեի» ու կաթող տանիքի մասին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը նշեց, որ Մեծ թատրոնում մուտք չունեն անգամ ճանաչված ակադեմիական բալետային շատ խմբեր, ու Մեծ թատրոնում կայացած ասուլիսի ժամանակ եւս, երբ թատրոնի տնօրենին հարց են տվել, թե ինչպես է պատահել, որ Հայաստանի օպերային թատրոնի «Գայանեն» իրենց բեմում է, վերջինս պատասխանել է, որ «Գայանեն» «Կարապի լճի» նման այցեքարտային ներկայացում է:

«Եթե «Գայանեն» տապալված ներկայացում լիներ, Մեծ թատրոնի դռներին անգամ մեզ մոտ չէին թողնի, ինչպես շատ-շատ բալետախմբերի թույլ չեն տալիս»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Նշեց նաեւ, որ 3 անգամ ավելի քիչ հոնորարով մեր թատրոնի հետ պատրաստվում է որեւէ ներկայացում բեմադրել հանրահայտ խորեոգրաֆ Հայնց Շպյոռլին. «Այնպես է, որ Գրիգորովիչից պակաս չէ»:

Ազգային օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը` խոսելով «Գայանեի» շուրջ աղմուկի մասին, ասաց, որ այն հիմք չունի, ու հպարտ էր Մինասի դեկորներով մեր թատրոնի «Գայանեն» ներկայացնել Մեծ թատրոնի բեմում, որտեղ մենակատարները մեծ անձնվիրությամբ էին պարում: Ասաց նաեւ, որ կուլիսներում հազիվ է զսպել արցունքները. «Ախր դա Մինաս էր, Խաչատրյան…»

Դիրիժոր Հարություն Արզումանյանը խոսելով օպերային թատրոնի շուրջ դժգոհություններից, փաստեց, որ ամեն տարի կոնսերվատորիան ավարտում է 30-40 մեներգիչ, եւ բոլորի անհատական կարծիքով իրենք հոյակապ երգիչներ են: Արզումանյանի ձեւակերպմամբ, օպերային թատրոնն ունի ընդամենը 47-46 մեներգչի տեղ, ու բողոքելով կամ հոդված գրելով չէ, որ երգիչը պետք է փաստի իր լավագույնը լինելը: Նա մի օրինակ բերեց. «Օրինակ, Սիրանուշ Գասպարյանը թատրոնի մեներգիչ չլինելով` ապացուցեց, որ բոլորից լավ կարող է երգել այդ պահին «Տոսկա» եւ այժմ հոյակապ կատարում է, ու ինքն էլ հոյակապ երգչուհի է»:

«Մենք ունենք ընդամենը մեկ օպերային թատրոն, իսկ Գերմանիայում կա 74 օպերային թատրոն, Կոմիտասի անվան կոնսերվատորիան էլ տարեկան ավարտում է 30-40 երգիչ, որը 10 տարվա մեջ դառնում է 400»,- նշեց գերմանաբնակ օպերային երգիչ Մկրտիչ Բաբաջանյանը, ընդգծելով, որ բոլորին հնարավոր չէ տեղավորել:

Կոնստանտին Օրբելյանն էլ հավելեց, որ իրեն հաճախ են դիմում կոլորատուրային սոպրանոներ, բայց ինքն առաջարկում է գնալ Ռուսաստանում երգել, որովհետեւ նրանց ձայնին համապատասխան դերերգեր մեր թատրոնում այլեւս չկան կամ արդեն զբաղված են, ու այժմ օպերային թատրոնը հակված է ավելի շատ, այսպես կոչված, երիտասարդական բեմադրություններ անելու:

Ասուլիսի ժամանակ խոսք գնաց նաեւ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի եւ Կոնստանտին Օրբելյանի հարաբերությունների մասին:

Օրբելյանն ասաց, որ Պապյանին գիտի շատ տարիներ, գովեց նրա «Տոսկան», ասաց նաեւ, որ վերջերս հանդիպել են, միասին գինի խմել, Հասմիկ Պապյանն էլ հրաշալի նամակ է գրել, թե ինչ լավ էր նվագում նվագախումբը, իրեն գալիք նախագծերում եւս հաջողություն է մաղթել: «Այնպես որ, եթե նա ինձ զանգի, մենք կարող ենք հանդիպել, խոսելու ընդհանուր թեմաներ գտնել»,- նշեց Կոնստանտին Օրբելյանը:

Կոնստանտին Օրբելյանը նաեւ որոշ փակագծեր բացեց, ասաց, որ 2020թ. թատրոնը հյուրախաղերով մեկնելու է ԱՄՆ: Հայտնեց նաեւ, որ Քուվեյթի օպերային թատրոնի բացումը առաջիկայում կկայանա մեր թատրոնի «Կախարդական սրինգ» օպերայով, այդ նշանակալի իրադարձությանը հրավիրել է Էմիրը:

Ինչ վերաբերում է թատրոնի խնդիրներին, Օրբելյանը հիշեցրեց, որ թատրոնի տանիքը կաթում է, շենքը վերանորոգման կարիք ունի, օպերան նաեւ նոր գործիքների խնդիր ունի, իսկ պետությունը փող չունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում