Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
Նմանատիպ
Օգոստոսի 31-ին` 2018-2019 թթ. ուսումնական նոր տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության այս ավանդությունը սկզբնավորվել է 2010 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:
Արարողությանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի, Վազգենյան դպրանոցի և Հառիճի ընծայարանի, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի տեսչական և ղեկավար կազմերը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության ու կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի և մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, ԲՈՒՀ-երի և քոլեջների ռեկտորներ, Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդի և տնօրենության անդամներ, ՀՀ մի շարք դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ:
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց կրթության մշակներին` մասնավորաբար ասելով.
«Կրթության ասպարեզի հարգարժան ներկայացուցիչներ,
Ուրախ ենք մեծապես ողջունելու Ձեզ Միածնաէջ այս Սուրբ Տաճարում և Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելու կրթական գործի նվիրյալ մշակներիդ՝ նոր ուսումնական տարվա առիթով:
Գիտության ու դպրության հանդեպ սերը մեր ազգային դիմագծի անքակտելի մասն է, որ դրսևորվել է մշտապես՝ հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս: «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ»՝ հայերեն թարգմանված առաջին այս նախադասությունը Աստվածաշնչից վկայությունն է հայ հոգու անսպառ ձգտումի՝ գիտության և Աստվածճանաչողության լույսով պայծառացնելու իր կյանքը, դարձնելու առավել առաջընթաց` Բարձրյալի կենսապարգև օրհնության ներքո:
Մեր ժողովրդի կրթասեր և ուսումնատենչ այս ոգին չի տկարացել մեր պատմության ողջ ընթացքին, նույնիսկ պետականության բացակայության պայմաններում, օտար տիրապետությունների լծի տակ: Հակառակ բոլոր դժվարությունների՝ մեր հայրերը գիտելիքի և իմացության լույսը փոխանցել են սերնդեսերունդ, հետևողականորեն դպրոցներ ու համալսարաններ հիմնել վանքերի հովանու ներքո, շարունակել մատաղ սերնդի կրթությունը՝ այն կազմակերպելով նաև այլ երկրներում, որպեսզի մեր ժողովուրդը անհաղորդ չմնա գիտական մտքի զարգացումներին ու ձեռքբերումներին:
Ամենաանբարենպաստ թվացող պայմաններում անգամ ձեռագրեր են գրվել, մեր Սուրբ Եկեղեցու սպասավորների ջանքերով տպագրության գյուտից շատ չանցած հայերեն գրքեր հրատարակվել՝ պայծառ պահելու համար հայ կյանքի անդաստանը և սնելու ու զորացնելու մեր ժողովրդի հոգին գիտության ու իմացության լույսով:
Սիրելիներ, 21-րդ դարում կրթության դերը առավել ու առավել է կարևորվում ողջ աշխարհում: Բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, արդյունաբերություն, առողջապահություն և այլն, տեղի են ունենում մեծ փոփոխություններ, որոնք նոր հարթության վրա են դնում մարդկային կյանքը, բացում զարգացման ընդարձակ հորիզոններ: Մենք բոլորս գիտակցում ենք, որ ոչ մեծ հնարավորություններ ունեցող և մարտահրավերներ դիմագրավող մեր երկրում առաջնային է գիտության զարգացումը՝ որպես մեր պայծառ ապագայի երաշխիք: Արդ, նախանձախնդիր ոգով պետք է շարունակենք մշտապես նորովի արդյունավորել կրթության ոլորտում ներդրվող բոլոր ջանքերը, որ մեր երիտասարդները իրենց իմացության պաշարով մրցունակ լինեն ողջ աշխարհում և շենացնեն մեր կյանքը, զորացնեն մեր երկիրը, բարին ու բարիք ստեղծեն՝ հետապնդելով մեր ազգային իղձերի ու երազների իրականացումը:
Կրթական գործի սիրելի նվիրյալներ, սերունդներ կրթելու այս մեծ ու պատվաբեր առաքելությունն եք իրականացնում դուք և ձեր գործակիցները մեր ժողովրդի ու մեր երկրի կյանքում: Այսօր՝ նոր վերափոխումների մեր իրականության մեջ, մեր ժողովուրդը լծված է իր առաջադեմ ներկայի ու լուսավոր գալիքի կերտմանը, առաքելություն, որի իրագործման համար առաջնային է կրթության կարևոր դերն ու նշանակությունը:
Ժամանակակից կրթությունը, որի մատռվակներն եք դուք, սիրելի մանկավարժներ, չի ենթադրում դարավոր մեր ազգային ժառանգության ստվերում ու խեղաթյուրում, քանզի արդիականի և ավանդական արժեքների կրողը լինելով է, որ Մեր զավակները կարող պիտի լինեն պահպանել ազգային դիմագիծը, սահակ-մեսրոպյան ոգով մեր Հայրերի կերտած դարավոր դպրության լավագույն ձեռքբերումներով ունենան առաջընթացի ամուր հիմք: Կրթության մշակներիդ երախտարժան գործի բարձր գնահատանքով Մենք շարունակելու ենք «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը, ինչպես նաև՝ ուսանողների համար սահմանված Հայրապետական կրթաթոշակի շնորհումը:
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ինչպես դարերի ընթացքում, այնպես էլ այսօր և ապագայում շարունակելու է իր ողջ կարողություններով նպաստել մեր երկրում կրթության ու գիտության առաջընթացին:
Մենք բարձրորեն գնահատում ենք ձեր ներկայությունն այստեղ՝ կրթության մշակների օրհնության այս նվիրական արարողությանը: Գնահատում ենք կրթության բոլոր նվիրյալներիդ եռանդուն ու անձանձիր աշխատանքը և մաղթում Ամենաբարձրյալն Աստծո խնամքն ու զորակցությունը:
Աղոթում ենք, որ Տերը խաղաղության մեջ պահի ու պահպանի հայրենի մեր պետությունը և պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ:
Թող Փրկիչ մեր Տիրոջ օրհնությունը, սերը և շնորհը լինեն ձեզ և ամենքի հետ այսօր և հավիտյան. ամեն»:
Վերջում Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ի պատիվ կրթության մշակների տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը վերստին իր բարեմաղթանքները բերեց արարողության մասնակիցներին:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում