Նարեկ Հախնազարյանը Մոսկվայում բացօթյա համերգ կունենա
Նմանատիպ
Սեպտեմբերի 7-ին բաց երկնքի տակ՝ Մոսկվայի պետական համալսարանի «Դեղատուն այգիների» բուսաբանական այգում, տեղի կունենա աշխարհի ամենահայտնի թավջութակահարներից մեկի՝ Նարեկ Հախնազարյանի համերգը։
ponominalu.ru կայքի հաղորդմամբ, «Տարվա եղանակներ» համերգի ծրագրում ընդգրկված է Պ.Չայկովսկու, Պ. Պագանինիի, Է.Բաղդասարյանի, Հարությունյանի, Ժ.Մասնեի և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Նարեկ Հախնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջապես ես վերադառնում եմ սիրելի Մոսկվա մենահամերգով։ Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում Գայանե Հախնազարյանի հետ մեր ելույթին… Ծրագիրը կլինի շատ հետաքրքիր և կազմված իմ ամենասիրելի ստեղծագործություններից՝ գրված թավջութակի համար և ոչ միայն»։
ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թվականին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում։ Նա 2000 թվականին հրավիրվել է Մոսկվա` պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովի դասարանում ուսումը շարունակելու համար: Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ Ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի, Չիկագոյի, Տոկիոյի և Լոնդոնի սիմֆոնիկ, «Նոր Ռուսաստան», ռուսական ազգային, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Վերդիի անվան և այլ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, Վ.Սպիվակովի, Ջ.Մեսթերի, Հ.Վոլֆի, Վ.Գյորգիևի, Մ.Յուրովսկու և այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի, պատվոգրերի, մրցանակների, այդ թվում՝ 2008թ. Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 Հատուկ մրցանակի, 2006թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում` 1-ին մրցանակ և ոսկե մեդալ, 2007թ. Չայկովսկու անվան մրցույթում` դափնեկրի կոչմանը: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: 2011թ. դարձել է Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» պետական մեդալի:
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում