Բալետի երիտասարդ արտիստներին նկատում են ոչ միայն թատրոնում, այլեւ միջազգային միջոցառումներում
Նմանատիպ
Բալետի արտիստների բեմական կարճատեւ կյանքում մենապարող հիմնականում ընտրվում են մի քանի տարի կորդեբալետում հանդես գալուց հետո: Լինում են նաեւ անհատականություններ, ովքեր թատրոնում իրենց կարիերան միանգամից սկսում են իբրեւ մենապարողներ: Իսկ հազվադեպ էլ մենապար վստահվում է ուսումը դեռ չավարտած երիտասարդին:
Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկային Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետում Արմենի դերապարով հանդես եկավ Րաֆֆի Գալստյանը, որը օրերս է համալրել թատրոնի մենապարողների խումբը: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետն ասաց, որ թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրավերով ինքը դեռեւս Երեւանի պարարվեստի քոլեջի ավարտական կուրսի ուսանող, այս տարի հունիսին մարմնավորել է Զվեզդիչի կերպարը Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» ներկայացման մեջ: Ինչ վերաբերում է Արմենի դերապարին, մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե այն պատրաստել է ընդամենը 8 օրում: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ինչ է, ուրիշ «Արմեն» չկա՞ր թատրոնում, բալետի արտիստի պատասխանը համեստ ժպիտն էր:
Րաֆֆին մեզ տեղեկացրեց, որ քոլեջում ուսանել է ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ, 2017թ. առաջին մրցանակի է արժանացել մոսկովյան հեղինակավոր Global Art միջազգային մրցույթում, համակուրսեցու՝ Նարե Մարկոսյանի հետ ներկայացնելով Ֆրիգիայի եւ Սպարտակի դուետը Արամ Խաչատրյանի «Սպարտակից»: Այս տարվա գարնանը երրորդն է ճանաչվել Տալլինում կայացած բալետի երիտասարդ արտիստների մրցույթում՝ իր արվեստի վրա հրավիրելով աշխահահռչակ խորեոգրաֆ Բորիս Էյֆմանի եւ Ամերիկայից ժամանած մենեջերների ուշադրությունը: «Ամերիկացիներն ինձ հրավիրեցին մասնակցելու Նյու Յորքում անցկացվող բալետարվեստի ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ YAGP-ի եզրափակիչ փուլին, որը կայանալու էր մայիսին: Սակայն չկարողացա մեկնել…»,- հայտնեց երիտասարդը: Ռեպլիկին՝ ձեր դեպքո՞ւմ էլ խոչընդոտ հանդիսացավ Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը, Րաֆֆին պատասխանեց. «Ոչ, ԱՄՆ մեկնել ցանկացողներն այնքան շատ էին, որ ահավոր հերթ էր, իսկ իմ ժամանակը՝ սուղ…»: Ինչ վերաբերում է Բորիս Էյֆմանի հրավերին, մեր զրուցակիցը նախ մանրամասնեց, որ անվանի արվեստագետը իրեն հրավիրել է աշխատանքի իբրեւ մենակատար, հետո էլ հավաստիացրեց. «Բոլոր ծախսերը հոգացել էր հրավիրող կողմը, բայց հրաժարվեցի, քանի որ զինակոչային տարիքի եմ»: Զրույցի ընթացքում տեղեկացանք, որ սեպտեմբերի 9-ին Րաֆֆի Գալստյանը առաջին անգամ հանդես կգա Շոպենի կերպարով՝ «Շոպենիանայում», իսկ 15-ին կմասնակցի օպերային թատրոնում կայանալիք բալետի երեկոյին. ընդգրկված է Չայկովսկու «Շչելկունչիկում»:
Թատրոնի մենապարող Անդրանիկ Աբովյանը 2014թ.-ից հանդես է եկել կորդեբալետում, իսկ 2016-ից՝ համալրել մենապարողների խումբը՝ Սոչիում կայացած Յուրի Գրիգորովիչի անվան բալետի երիտասարդ արտիստների մրցույթից վերադառնալուց անմիջապես հետո: Օրերս էլ նա հանդես եկավ Բազիլի դերապարով՝ Մինկուսի «Դոն Կիխոտում»: Այս երիտասարդ պարողին կարելի է հանդիպել նաեւ Ադանի «Ժիզել», Բիզե-Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն», Խաչատրյանի «Դիմակահանդես» ներկայացումներում: Րաֆֆի Գալստյանն ու Անդրանիկ Աբովյանը այս օրերին մասնակցում են նաեւ պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի խորեոգրաֆիայով ու ղեկավարությամբ անցկացվող «Երազ» ներկայացման վերականգնման փորձերին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Րաֆֆի Գալստյան՝ Սպարտակ, Նարե Մարկոսյան՝ Ֆրիգիա:
Աղբյուր՝ Aarvot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում