Որևէ նախարար մինչ այս ինձ նման առաջարկ անելու համարձակություն չէր դրսևորել. դերասանուհի Նարե Հայկազյանը վերադարձել է Հայաստան ու հաստատվել Գյումրու թատրոնում
Նմանատիպ
Շուրջ 13 տարի ԱՄՆ-ում ապրող ու ստեղծագործող դերասանուհի Նարե Հայկազյանը ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի առաջարկով վերադարձել է Հայաստան՝ որպես դերասանուհի հաստատվելով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց անձամբ դերասանուհին:
«Իմ և Լիլիթ Մակունցի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ամերիկայում, երբ նախարարն այնտեղ այցելելով՝ հանդիպում ունեցավ տեղի հայ մշակույթի գործիչների հետ: Նա անընդհատ շեշտում էր, որ դրսրում գտնվող մեր արվեստագետների համար պետք է վերադարձի հնարավորություն ստեղծենք: Որևէ նախարար մինչ այս ինձ նման առաջարկ անելու համարձակություն չէր դրսևորել, թեև ես միշտ նշել եմ՝ լավ առաջարկի դեպքում պատրաստ եմ վերադառնալ: Հավատացեք, այնտեղ բազմաթիվ արվեստագետ ընկերներ ունեմ, ովքեր ևս մտածում են վերադարձի մասին, բայց ի՞նչ կերպ՝ չգիտեն», – մանրամասնեց մեր զրուցակիցը:
Երեկ դերասանուհին արդեն թատրոնում էր, հանդիպում էր արտիստների ու ղեկավար կազմի հետ, քննարկում այն պիեսը, որով պետք է ազդարարվի իր նորամուտը Գյումրու թատրոն: Ասում է՝ կոլեկտիվն իրեն այնքան ջերմ ու սիրով ընդունեց, որ նույնիսկ մի պահ անակնկալի էր եկել: Էլ ի՞նչ է պետք դերասանին սրանից ավելի:
«Ճիշտ է, վերջին 5 տարիների ընթացքում ես հաճախ եմ եկել ու գնացել, որոշ նախագծեր եմ իրականացրել, որոշներում՝ հանդես եկել, բայց ներգրավված չեմ եղել թատերական կյանքին: Գյումրու թատրոն գնալու առաջարկը ստացա թատրոի տնօրեն Տիգրան Վիրաբյանից, Գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը մտադիր է բեմադրել Պաուլո Կոելիոյի «Վերոնիկան որոշում է մահանալ» պիեսը: Նրանց պնդմամբ՝ ես թատրոն կվերադառնամ հենց այդ ներկայացմամբ», – նշեց նա:
Նարե Հայկազյանը ցավով խոստովանում է՝ այս տարիների ընթացքում որևէ մեկն իրեն թատրոն վերադառնալու առաջարկ չէր արել: Նկատում է՝ երբ բացակա ես ստանում, դուռն արդեն քո առջև հեշտությամբ չեն բացում: Արդեն իսկ Հայաստան տեղափոխված ու Գյումրու դրամատիկականում ընդգրկված դերասանուհին հայրաքաղաքում էլ կբնակվի: Չգիտի՝ վարձո՞վ է ապրելու, թե՞ իր տունը կունենա, բայց այն, որ իր հիմնական բնակավայրը Գյումրին կլինի՝ հաստատ է:
«Մարդիկ միշտ ձգտում են այնտեղ, որտեղ իրենց սպասում են: Փաստորեն, Գյումրին ինձ սպասում էր, ու ես հիմա իրական հաճույք եմ վայելում: Իհարկե, հաճախ կլինեմ նաև Երևանում: Ես միշտ ասել եմ՝ իմ բնույթն այնպիսին է, որ միշտ ասելիք ունեմ: Ու երբ այս թատրոնի ղեկավարությունն ինձ հրավիրեց, սիրով ընդունեցի այդ հրավերը: Ճիշտ է, Գյումրու թատրոնից ես միշտ էլ հրավերներ ունեցել եմ, բազմաթիվ ներկայացումներում եմ խաղացել, բայց այս անգամ ուրիշ էր: Ես թատրոն եմ գալիս՝ որպես ընտանիքի անդամ, որպես հաստիքով դերասանուհի, քանի որ շնորհիվ նախարարի առաջարկի՝ արդեն նաև Հայաստանի բնակիչ եմ: Շնորհակալ եմ և՛ Լիլիթ Մակունցին, և՛ այս երկու երիտասարդներին, որ ինձ նման հնարավորություն ընձեռեցին: Դերասաններն այս թատրոնում առանց այդ էլ շատ են, ու այս հրավերն ինձ թևեր տվեց», – ոգևորությամբ խոստովանեց Նարեն:
Նարե Հայկազյանը բեմից զատ նաև վրձնի հետ սեր ունի: Որպես նկարչուհի՝ բազմաթիվ կտավների հեղինակը ցանկություն ունի իր աշխատանքների մի մասը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխել: Հարցին՝ կա՞ ինչ որ բան, որ կիսատ թողնելով է գալիս Հայաստան, պատասխանեց.
«Իհարկե, այնտեղ էլ բազում վաստակներ ունեմ, բայց հայրենիքից ունեցած առաջարկս հաղթահարեց այդ դժվարությունը: Ես թեթև մարդ եմ, կենցաղի գերի չեմ, ազատ եմ իմ որոշումներում: Թե ի՞նչ կլնի հետո՝ Աստված գիտի, դա մեր գիտենալիքը չէ»:
Անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին, կամ ինչպես շատերն են ասում, նոր Հայաստանին՝ դերասանուհին նկատեց.
«Ես այն տարիներին եմ գնացել, երբ շատ դժգոհություններ կային: Դրսում ապրելով ու աշխատելով հանդերձ՝ կերպս չեմ փոխել: Դա շատ կարևոր է, քանի որ տարբեր իրականության հետ շփվելով՝ ձուլվում ես: Բարդ է դրանից խուսափելը: Իսկ ինչո՞ւ քո հնարավորությունները չներդնես քո հողում, քո միջավայրում, երկրիդ տաս այն, ինչ ունես: Հիմա, կարծեք թե, հնարավորության դաշտը մեծացել է: Անձամբ ես Լիլիթ Մակունցի հետ մեկ-երկու անգամ եմ շփվել, բայց զգում եմ, որ այս ոլորտի համար ճիշտ ընտրված մարդ է»:
Հեղինակ՝ Նելլի Մարգարյան
Աղբյուր՝ Aysor.am: