Գոհունակություն գտնելու մասին
Նմանատիպ
Որո՞նք են այն գործոնները, որոնք թույլ չեն տալիս հասնել ներքին բավարարվածության:
Քանի որ մարդն անընդհատ զարգացող է, և նրա մի նպատակի իրագործվելով անմիջապես հառնում է մեկ այլ նպատակ, որին նույնպես ձգտում է ուժերի ողջ ներդրումով, դրա համար էլ բավարարված չլինելու զգացումն առկա է: Բացի դրանից, կան եկեղեցական հեղինակներ, ովքեր զգուշացնում են բազմահոգության հիվանդության մասին, որը հոգեմտավոր ոլորտին է առնչվում:
Մարդը, իր կյանքի մեծ շրջան նկատի ունենալով և դրա հետ կապված հոգսերը մտովի տեսնելով, ընկնում է բազմահոգության մեջ, ճնշվածության զգացում ունենում: Քրիստոս ասում է. «Օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մատթ. 6.34), ինչը նշանակում է, որ սխալ է անընդհատ հոգսախեղդ լինելը հեռավոր ապագայի համար: Այլ պետք է մոտակա հոգսերը լուծել և հետո նոր մտածել մյուս կարիքների և դրանց բավարարման մասին:
Ինչպե՞ս վարվել այն արտաքին գործոնների հետ, որոնք անընդհատ մղում են մրցակցության, շքեղության: Արդյոք մերժելով այդ ցանկություններն ու անընդհատ բավարարվելով միայն եղածով` կգտնե՞նք իրական գոհունակություն:
Եթե մարդ միայն եղածով բավարարվեր, զարգացում և առաջընթաց չէր լինի: Եղածով պետք է բավարարվել տվյալ պահի համար, երբ հնարավորություններ չկան առավել մեծ գործեր անելու կամ նոր ձեռքբերումներ ունենալու: Եղածով պետք է բավարարվեն ճգնավորական, վանական կյանքով ապրողները, եթե խոսքը նյութական եղածի մասին է, իսկ հոգևոր ոլորտում միշտ պետք է աշխատեն նորանոր ձեռքբերումների հասնել` աղոթքի հարատևության, սրբության, առավել կատարելության, Աստծո հետ ավելի մերձավորության:
Այն արտաքին գործոնները, որոնք մղում են նյութական իմաստով մրցակցության ու շքեղության, գործադրվում են տնտեսական շահի նպատակով, երբ մարդկանց նորանոր ապրանքներ առաջարկելով և դրանց օգտագործումն անհրաժեշտ ներկայացնելով` ձեռնարկությունները նյութական մեծ շահույթներ են ունենում: Այս երևույթը կոչվում է կոնսյումերիզմ` սպառողականություն, երբ փորձում են սպառողական հասարակություն ստեղծել, այդ հասարակության հաշվին նյութական հսկայական շահույթներ ունենալու գերնպատակով:
Այստեղ դատապարտելի է ոչ թե այն, որ մարդկանց ապրանքներ են մատուցում, այլ այն, որ մարդը, որն ըստ քրիստոնեության գերագույն արժեք է` Աստծո պատկերով, դառնում է միջոց և գործիք տնտեսական շահի համար: Այսպիսով, մարդը նպատակ լինելուց վերածվում է շահույթի գործիքի: Իսկ մարդու համար ամեն ինչ կենտրոնանում է առարկաներ ունենալու, դրանք ձեռք բերելու նպատակի վերաբերյալ սևեռուն մտքերի շուրջ:
Նորանոր առարկաներ ունենալու, դրանք սպառելու մարմաջը դառնում է կյանքի գլխավոր նպատակներից մեկը, մինչդեռ այն պետք է դիտվեր պարզապես միջոց սեփական կյանքը կազմակերպելու համար: Եկեղեցու կողմից սահմանված պահքը կարելի է նաև դիտել որպես հակասպառողականություն, նաև բարեգթություն` մսեղենից հրաժարմամբ կենդանիների կյանքը խնայելով, ինչպես և ուտելիքի պաշարի խնայողություն, որի սակավությամբ է նաև բացատրվում մարդկության նոր օրերի նյութական ճգնաժամը:
Փողոցում անընդհատ մեզ հետ են գովազդային պաստառները, տանը հեռուստատեսային հոլովակներն են, մեքենաներում` ռադիոգովազդը: Պատահական զրույցների մեծ մասն էլ նոր իրերի, հեռախոսների, մեքենաների, բնակարանների ձեռքբերման մասին են: Շարքային քաղաքացու համար բնական չէ՞ հոսանքին տրվելն ու ցանկանալը:
Սպառողականությունը խթանելու համար անընդհատ օգտագործվող գովազդները կամ հայտարարությունները` թանկագին իրերի մասին, կարող են նաև գայթակղություն լինել համեստ ընտանիքների համար, որտեղ երեխաները տեսնում են առարկաներ, մանկական թանկարժեք իրեր, որոնք ծնողները չեն կարող ձեռք բերել:
Այստեղ և՛ ծնողները պետք է արժեքների մասին, գլխավորի մասին բացատրողական աշխատանք տանեն երեխաների հետ, և՛ ձեռնարկությունները գոնե պետք է հոգ տանեն առավել չափով գայթակղություն չբերելու համար, որովհետև շահամոլություն է հասարակության յուրաքանչյուր խավին նկատի չունենալը տնտեսական գործունեության մեջ:
Պողոս առաքյալը, խոսելով նման գայթակղության մասին, ասում է. «Եթե ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ» (Ա Կորնթ. 8.13): Իհարկե, խոսքն այստեղ փոխաբերական է, սակայն սկզբունքներ է բերում նման դեպքերում վարվելու համար:
Աղբյուր՝ christianity4all.com։
Հետևեք մեզ նաև Telegram-ում