Չգիտեսթեինչ-3

Չգիտեսթեինչ-3

Մոռանալ Անանկե աստվածուհուն, խուսափել հայացքից ամենատես,
փակել դուռ ու լուսամուտ, նստել ամայի սենյակում,
ուր այլևս չեն գնում, չեն գալիս կանայք:
Հետևաբար լռում է խոսք-զրույցը
Միքելանջելոյի մասին:

Եվ միայն կակտուսն է շարունակում աճել
դաշնամուրին հենված նկարում:
Եվ միայն սարդն է ժրաջան
հյուսում որոգայթ որոգայթի ետևից:

Աչքերդ փակված են խավարով:
Ականջներդ ծեփված են լռությամբ:
Եվ հոգիդ ցամաքել է, սմքել,
և հոգիդ ուզում է հեռանալ…
Դաշնամուրը վաղուց լռել է:
Կակտուսն է աճում անտարբեր:
Նկարում խամրել են գույները:
Սարդին ի՞նչ… ճակատագիր է,- ասում է,-
անխուսափելի է… Հյուսում է շարունակ:
Ճակատագրիդ համար հյուսում է
և մի որոգայթ-շրջանակ:

Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում