ԼՂՀ ՊԲ-ում ցուցադրական մարտավարական զորավարժություն է անցկացվել

Համաձայն տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցոցառումների ժամանակացույցի՝ երեկ ՊԲ կենտրոնական ենթակայության մոտոհրաձգային զորամասերից մեկի հիմքի վրա անցկացվել է գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում էր ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նախքան մարտական հրաձգությամբ զորավարժության մեկնարկը, տեղանքում ծավալված ուսումնական կետերում կազմակերպվել է ցուցադրական պարապմունք, որի ընթացքում բանակի շտաբի բաժինների և ծառայությունների պետերին, միավորումների ու զորամասերի հրամանատարներին և նրանց տեղակալներին ներկայացվել է գումարտակային մարտավարական զորախաղերի նախապատրաստման ու անցկացման օրինակելի կարգը:

Գործողության մեջ դնելով գումարտակի տրամադրության մեջ եղած ուժերի և միջոցների ողջ խմբաքանակը՝ ստորաբաժանման անձնակազմը փայլուն կերպով է կատարել իր առջև դրված պաշտպանողական ու հարձակողական բնույթի մարտական խնդիրները և արժանացել զորավարժության ղեկավարության բարձր գնահատականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում