Տնտեսական հարաբերությունների վերանայման լուրջ խնդիր ունենք. Ա.Սարգսյան

«Առավոտ» թերթը քաղաքական ու տնտեսական մի շարք կարեւոր հարցերի շուրջ զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, հայաստանյան քաղաքական դաշտում վերադասավորումների ի՞նչ հնարավորություն կստեղծի։

Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր ԲՀԿ-ն ստեղծված օրվանից համարել են իշխանական պրոյեկտ։ Այն մարդիկ, ովքեր ԲՀԿ-ին փորձել են ընդդիմություն համարել, պարզապես զրպարտել են քաղաքական այդ ուժին։

Երեւանի ավագանու նախընտրական փուլում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը խոսում էին միավորման, համատեղ ջանքերով Երեւանում իշխանությունը վերցնելու մասին, սակայն ստացվեց ինչպես միշտ՝ ընդդիմադիրները չհաղթահարեցին փորձությունը եւ լուրջ արդյունքներ չկարողացան գրանցել։ Ինչո՞ւ մեր ընդդիմադիրներն անցյալից դասեր չեն քաղում։

Նախ՝ պետք է պարզել՝ ովքեր են ընդդիմադիրները, ապա նոր գտնել, թե ինչու իրար հետ չեն համագործակցում։ Իմ կարծիքով վերջին գործընթացները նաեւ որոշակի պարզություն մտցրին այդ հարցում։ Ստացվում է այսպես. որոշ կազմակերպություններ հայտարարում են, որ այդ միավորումը կլինի իրենց առանցքի շուրջ, իրենք էլ պայմանավորվում են իշխանությունների հետ։ Ուստի իրենց առանցքի շուրջ միավորման դեպքում դու ինչ-որ մեկի խաղի պայմաններին կողմ ես, իրենց հետ պայմանավորվածություններից դուրս ես, իրենց աջակցողների ու նաեւ իրենց համար իշխանական պրոյեկտ ես կամ ընդդիմություն չես…

Դեպի ապահով Հայաստան առաջին քայլը սկսվեց գազի գնի հավանական բարձրացմամբ։ Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ Հայաստանում կարող է սոցիալական բունտ հասունանալ, մինչդեռ մեր պատմությունը վկայում է, որ Հայաստանում բունտը սոցիալական չի լինում։

Այն ժամանակ, երբ ՌԴ-ի ազդեցությունն ու տնտեսական հնարավորությունները Հայաստանում մեծանում էին՝ սկսած «Գույք՝ պարտքի դիմաց»-ից ու դրա մեղավորից, մինչեւ Իրան-Հայաստան գազամուղը, երբ մենք տեսակետներ էինք հայտնում, շատ մարդիկ մեզ մեղադրում էին արեւմտամետության մեջ եւ իրենց համարում էին հայամետ։ Այսօր առաջին հերթին այդ մարդիկ պետք է պատասխանեն՝ ինչո՞ւ է այդպես…

Մենք մեր գործընկերների հետ մեր տնտեսական հարաբերությունների վերանայման լուրջ խնդիր ունենք։ Իսրայելի գործընկերը ԱՄՆ-ն է, Հայաստանինը՝ ՌԴ-ն։ Տեսեք այնտեղ՝ այդ պայմաններում ինչպես են լուծվում անվտանգության եւ սոցիալական խնդիրները, մեզ մոտ՝ ինչպես։ Եթե խնդիրն ավելի կոպիտ հարթության մեջ դիտարկենք՝ զուտ ֆորպոստային, ապա նայեք Հյուսիսային եւ Հարավային Կորեաների օրինակը։ Կարելի է կոպիտ ասել, որ առաջինը ՌԴ-ի ֆորպոստն էր։ Կարելի է ասել, որ Հարավային Կորեան էլ ԱՄՆ-ի ֆորպոստն է։ Տեսեք՝ որտեղ ոնց են ապրում։ Մեր տարածաշրջանում ՌԴ-ն Հայաստանում իր բազաները դնելով ստիպում է, որ իր քաղաքականությունը մենք տարածենք։ Սա լուրջ մտածելու եւ քննարկելու թեմա է։ Այս խնդրից Հայաստանի իշխանությունները պետք է հետեւություններ անեն՝ ուզում են, թե ոչ…»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում