Մի բուռ չամիչ՝ մի բուռ կարոտ

Մի բուռ չամիչ՝ մի բուռ կարոտ

Կարոտն ամուր գրկել էր տան պատերը. պատերը ճաք էին տվել՝ մեծ-մեծ ճաքեր… Կմտածեք՝ պատերը ինչպե՞ս կարող են կարոտել, իսկ ո՞վ է ասել, որ չեն կարող: Այդ դեպքում ինչո՞ւ են մեր գյուղի բոլոր լքված տները շուտ փլվում: Տներն էլ մարդու պես են. տունը մարդուն է հարմարվում, մարդը՝ տան պատերին… Պատն առանց մարդու ճաք է տալիս, իսկ մարդու սիրտն առանց հայրենի օջախի ճաք է տալիս մի օր…

Կարոտի ամենամեծ ճաքը դեպի փողոց նայող պատին էր, համարյա հնարավոր էր այդ անցքով մտիկ տալ տան անցուդարձին՝ չնայած տանն առանձնահատուկ անցուդարձ չկար. ո՛չ երեխաներ կային, ո՛չ հարսներ, ո՛չ էլ հանդից տուն եկած ամուսին: Միայն Արուսյակ տատն էր տան միակ բնակիչն ու պահապանը, ում գյուղացիք ՙփոստատար Արուս՚ էին ասում: Ջահել տարիներին փոստատար էր աշխատել, լավ ու վատ լուրերը, ինչպես գյուղացիք էին ասում, ափի մեջ էր: Սիրահարների նամակներն էլ էին նրան վստահում, քանի որ գիտեին՝ բերանից բառ անգամ չես պոկի:

Ահա փայտե դուռը ճռռաց, և Արուս տատին դուրս եկավ տնից, նստեց տանձենու տակ և հավաքեց փեշերը: Փեշերի մեջ չիր ու չամիչ չկար, բայց նա առնում էր դրանց բույրը: Բույրը գալիս էր հեռուներից, հեռու-հեռավոր փեշերից, երբ հինգ երեխաները դեռ փոքր էին ու աշխույժ վազվզում էին նույն տանձենու տակ: Մեկը հանկարծ կանչում էր՝ մա՜մ, չամիչ կտա՞ս: Վերցնում էր, փախչում, նորից մյուսն էր գալիս, էլի վերցնում, ապա՝ միանում խաղին…

Արուսն ինքը բարակել, չամիչ էր դառել կարոտից. ախր ո՞ւր կորան չամիչ ուտողները:

Երկու կաթիլ արցունք ընկավ փեշին և մնաց այդպես փեշի մեջ կորած, արցունքի հետ փեշերի մեջ մնացին նաև չամչահոտ հուշերը… Հետո կարոտից ծնված սպասումը կախվեց գոգնոցից, կախվեց ու մնաց… Կարոտը չամիչ էր ուզում…

– Արո՛ւս, բարև,- ասաց հարևան Սեդան՝ ներս մտնելով,- աչքդ լույս, լսել եմ՝ տղադ գալիս է…

Արուսը քարացավ… Ուրեմն՝ տղայի գալու լուրն արդեն տարածվել է, բայց… Ախր, ինքն էլ չգիտի՝ ուրախանա՞, թե՞ արտասվի… Ի՞նչ սրտով ուրախանար, եթե 30 տարվա բաժանումից հետո որդին որպես որդի չէր տուն գալիս, այլ…

Ոտքերը դողացին: Ամեն ինչ դողաց՝ այգին, ծառերը, տունը, տան ճաքերը, կարոտը… Նրան թվաց՝ տունը փուլ կգա… Իր հոգու տունը արդեն փուլ էր գալիս…

– Ի՞նչ եղավ, ա՛յ կնիկ, նստիր, շունչ քաշիր… Ասա մի տեսնեմ՝ էդ խի՞ ես էդքան կոտրված:

Արուսը լաց եղավ.

– Սա էլ իմ խաչն է… 30 տարուց հետո պիտի տուն գա՝ անբուժելի հիվանդության, ոչ թե կարոտի թելադրանքով… Նա գալիս է, որ էլ չգնա, գալիս է, որ գնա՜…

Կինը ձեռքերը ծնկներին զարկեց… Էլ հարց չտվեց, բառերը մեկ-մեկ կուլ տվեց, հետո մնաց բաց բերանով:

Արուսը խեղդեց լացը, սպանեց իր մեջ, մի կողմ նետեց անպետք իրի պես, բայց փոխարենը ոչինչ չգտավ, միայն դատարկություն էր: Դատարկութունը գազանի նման խժռում էր մարմինը…

Մի քանի օրից տղային բերեցին: Անգամ մորը ճանաչելու ընդունակ չեղավ, միայն կրկնում էր.

– Մի բուռ չամիչ տվեք, մորս կանչեք, թող գա չամիչ տա։

Հետո շարունակում էր.

– Աղբյուրից ջուր բերելու ժամանակն է, թողեք գնա՜մ:

Ո՛չ չամիչը, ո՛չ աղբյուրի ջուրը կարող չեղան նրան ետ պահելու երկար ճանապարհից, որով պիտի քայլեր, որով բոլորն են մի օր քայլում… Ու նա քայլեց:

Մայրը որդու սևերիզ լուսանկարը կախեց պատին, իսկ լուսանկարի տակ պատը ճաք էր տվել. պատը նկար չէր ուզում, նկարը չէր շնչում, պատին շնչավոր էր պետք, թթվածի՜ն…

Արուս տատը մինչև ամառ տնից դուրս չեկավ, ասես չկար, Արուս էլ չկար: Նա հենց դա էլ ուզում էր, որ բոլորն իրեն մոռանան, բայց պարզվեց՝ միայն ինքն էր իրեն մոռացել, գյուղացիք գնում-գալիս էին, ոմանք փայտ էին բերում, ոմանք՝ տան եղած-չեղածից….

Արևի շողերը խաղ էին բռնել ամենամեծ ճաքի հետ, մերթ ներս էին մտնում՝ թաքնվում, մերթ դուրս վազում չարաճճի երեխայի պես: Արուսը որսաց արևի խաղը, ուզեց ժպտալ, բայց ժպիտը փախավ, հասավ արևի հետևից, գնաց, կորավ…

Դուռը ծեծեցին: Մարդ չէր ծեծողը: Ամառը եկել, հավաքվել էր տան դռան դիմաց, ծեծում, հա՜ ծեծում էր: Արուսը բացեց դուռը, արևը հանգուցյալ մոր ժպիտն ուներ, որով դուրս էր կանչում: Երկար նայեց մոր ժպիտին: Արևը մտավ ներս՝ հոգու ավերակները փաղաքշելու… Արուսը փոքր-ինչ ջերմացավ:

– Արո՜ւս, Արո՜ւս, լավ է վերջապես տեսա քեզ,- ցանկապատի հետևից ձայնեց գյուղի կապի աշխատողը, – ա՛յ կնիկ, Արշակը ո՞վ է:

Արշակը… Ո՞վ է Արշակը:

– Ես ի՞նչ իմանամ՝ Արշակը ով է, – ասաց Արուսը և հիշեց հանգուցյալ ամուսնուն, ում անունը Արշակ էր:

-Ա՛յ կնիկ, էդ տղան արդեն քանի օր է զանգում է, ասում է՝ Արուսյակ Քոչարյանի թոռն եմ, ասում է՝ իմաց տվեք, որ գալիս եմ…

Արուսի ոտքերը թուլացան, բայց սրտի մեջ հաճելի խլիրտ զգաց, արևը ներս էր մտել, խուտուտ էր տալիս:

Ուրեմն տղան ամուսնացած է եղել, ինքը ի՞նչ իմանար, որտեղի՞ց իմանար… Ուրախությունը արցունքներ պոկեց աչքերից՝ մե՛կ, երկո՛ւ, երե՛ք… Հետո նորից՝ մե՜կ, երկո՜ւ, երե՜ք… Մի ամբողջ կյանք չէր լացել ուրախությունից: Ու նա «մի ամբողջ կյանք» լաց եղավ ուրախությունից:

Հաջորդ օրը Արուսը մաքրեց տունը, փոխեց շորերը, հետո դուրս եկավ բակ, նստեց տանձենու տակ, ականջը՝ գյուղի ավտոբուսի ձայնին:

Հանկարծ ինչ-որ բան հիշեց, վազեց դեպի տուն և ետ եկավ: Գրպաններում նորից չամիչ էր…

Արդեն մայրամուտ էր, բայց արևը խորամանկի պես կաղում էր, չէր ուզում թեքվել դեպի մայրամուտ, ասես ուզում էր մի բան ավել տեսնել: Գյուղի ավտոբուսը դռդռալով կանգ առավ գյուղամիջում, հենց այնտեղ, որտեղ արևն իր կաղ ոտքերն էր կախ գցել: Ավտոբուսը փայլին տվեց: Արուսը սպասում էր այդ փայլին:

Դարպասը ճռռոցով բացվեց: Արուսը վեր թռավ ուրախությունից, և չամիչի բույրը տարածվեց չորսբոլորը: Կարոտն իր բաժին չամիչն էր ուտում…

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում