Հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ` մեկ համերգային երեկոյին

Հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ` մեկ համերգային երեկոյին

Կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 13-ին կկայանա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը: Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ «Դաշնամուրային զուգանվագ» խորագրով համերգային երեկոյին հանդես կգան Սեդրակ և Կամիլա Երկանյանները (դաշնամուր)՝ ներկայացնելով հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ։

«Հայր և դուստր Երկանյաններով առաջին անգամ հանդես ենք գալու համերգով, հիմնականում հայաստանյան պրեմիերաներ ենք ներկայացնելու: Առաջին անգամ Հայաստանում հնչելու է Բախի երկու կոնցերտ, դրանցից մեկը` Բրանդենբուրգյան 4-րդ կոնցերտը ես եմ փոխադրել երկու դաշնամուրի համար: Առաջին անգամ կներկայացվեն Պուլենկի սոնատը երկու դաշնամուրի համար, Մայքլ Աշճյանի «Տանգոն» և ամերիկահայ կոմպոզիտոր Դայանա Գուլքասյան-Ռաբեի «Տանգոն» »,-նշում է «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ Մշակոյթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը` շեշտելով, որ հանդիսատեսին ներկայացվելու է մեծածավալ ու հետաքրքիր ծրագիր:

Սեդրակ Երկանյանի խոսքով, «Տաղարան»-ն ակտիվ գործունեություն է ծավալում, սեպտեմբերի 27-ին էլ հանդես է գալու Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված համերգով:

«Տաղարան»-ը ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և հանրահռչակելու հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը: Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական տեղ են գրավում 5-15-րդ դարերի հեղինակների շարականներն ու տաղերը:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում