Կոնվերս բանկը՝ երևանյան երաժշտական միջազգային փառատոնի հովանավոր
Նմանատիպ
Կոնվերս Բանկը սեպտեմբերի 10-ին մեկնարկած Ամենամյա Երևանյան միջազգային 12-րդ փառատոնի գլխավոր հովանավորն է: Այս տարի փառատոնը նվիրված Է Երևանի 2800-ամյակին:
Միջազգային երաժշտական փառատոնին աջակցությամբ Կոնվերս Բանկն իր հերթական ներդրումն է կատարում մշակույթի ոլորտի խրախուսման, զարգացման հարցում:
«Սա Կոնվերս Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում կարևորագույն միջոցառումն է: Մենք վստահ ենք, որ մշակույթը, արվեստը այն կարևորագույն ոլորտներն են, որոնք սերունդներ են կրթում ու դաստիարակում, անհատականություններ ձևավորում: Այս առումով վստահ ենք, որ հասարակություն-բիզնես համագործակցության ձևաչափը մշակույթի և արվեստի հանրայնացման առումով ամենաարդյունավետներից է: Եվ այս գիտակցմամբ արդեն ավելի քան երկու տասնամյակ մասնակցում ենք մշակույթի և արվեստի խրախուսման տարբեր նախագծերի», -ասաց Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
Կոնվերս Բանկի մշակութային նախաձեռնություններից առանձնացվել են Մոնսարատ Կոբալյեյի այցը Հայաստան և Արցախ, Աստոր Պիացոլայի հանրահռչակ «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա տանգոյի բեմադրությունը, Բարբոզա տրիոյի երևանյան համերգները:
Նշենք, որ ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի 7 սիմֆոնիկ և 2 կամերային համերգներ, 1 օպերային ներկայացում, ինչպես նաև 2 մենահամերգ: Ի թիվս շատ ստեղծագործությունների՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի նաև համաշխարհային պրեմիերաներ: Տեղի կունենան դասական երաժշտության երեկոներ: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին՝ Ջ. Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրությամբ, որը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Փառատոնի բոլոր համերգները կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Աղբյուր՝ Tert.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում