«Կարծում եմ` մարդը երկկենցաղ էակ է, ապրում է երկրում ու երկնքում»
Նմանատիպ
Բանաստեղծ, թարգմանիչ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա «Ջրից և հոգուց» բանաստեղծական ժողովածուի մասին:
– Գիրքը վերնագրված է «Ջրից և հոգուց»: Շապիկը սպիտակ է, կարծես վերնագրի շարունակությունը լինի: Ընթերցողը գուցե նկատի, գուցե ոչ, բայց գրողի համար գիրքը գույն ունի: Ինչու՞ սպիտակ:
– «Եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստուծոյ թագաւորութիւնը մտնել: Մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը հոգի է»,- ասվում է Աստվածաշնչում: Կարծում եմ` խոսքով ու բառով է հոգուց ծնունդը, ու խոսքով է մարմինը վերափոխվում: Ջրից և Հոգուց՝ ինձ համար նշանակում է հոգուց ծնված և ջրով մաքրված ու մկրտված, այսինքն, բանաստեղծությունը բառ առ բառ պիտի այդպես ծնված լինի` իբրև մաքրագործում զգացմունքների, խոհերի, ապրածի ու չապրածի, տեսածի ու պատկերացրածի։ Սպիտակը հոգին է խորհրդանշում: Այն եթերային գույն է և բոլոր գույներից ունի իր մեջ: Երբ երկնքում յոթնագույն ծիածան ենք տեսնում անձրևից հետո, դա չի նշանակում, որ այդ պահին հայտնվեց, ուղղակի այդ ժամանակ լույսի ճառագայթի բեկմամբ երևում են գույները, նրանք միշտ կան: Կապույտն ու սպիտակը իմ սիրած գույներն են: Գուցե ենթագիտակցորեն գրքի տեսքը զուգահեռվել է վերնագրին` սպիտակի վրա կապույտ գիր:
– Ո՞ր տարիներին եք գրել գրքում տեղ գտած բանաստեղծությունները, երկտողերը: Օրգանական կապ ունե՞ն մեկը մյուսի հետ:
– Գիրքս երկար է գրվել, տարիներ է արդեն` պատրաստ էր տպագրության: Այդ ընթացքում հղկվել են բառերը, բանաստեղծությունները գտել են իրենց էջերը: Գիրքը կազմելիս հիմնականում տրամաբանական շարունակականությամբ եմ առաջնորդվել: Հաճախ շարունակականությունը ժամանակային է: Երկտողերն ավելի ուշ են գրվել:
– Երկտողերը հենց այդպես էքսպրոմտ էլ ծնվե՞լ են:
– Այո, արագ և հանկարծակի: Խոհը կամ զգացողությունը երկտող է դարձել ու մնացել մտքիս մեջ մինչև կգրեի թղթին կամ համակարգչում: Երբեմն առավոտյան ծնվել են բառերը, մինչև երեկո մտածել եմ, քիչ են փոփոխվել կամ շտկվել: Հաճախ էլ, երբ փորձել եմ միջամտել, «ընդվզել» են, ու թողել եմ այնպես, ինչպես կան:
– Մտքովս անցավ, որ ամեն մի երկտողը կարող էր բանաստեղծության կամ պատմվածքի նյութ դառնալ:
– Ես բառի խտությունն ու խորունկությունն եմ սիրում: Բառը, բանաստեղծությունը, ստեղծագործությունը, ընդհանրապես, լավ են, երբ խորունկ են: Ջրի նման` մակերևույթն այնքան պարզ ու հստակ է, որ հայելու նման արտացոլում է ամեն պատկեր, բայց որքա՜ն անհուն խորություններ կան խորքում։
-Ինչի՞ մասին է «Ծիր կաթինը», տիեզերքի՞ մենակության, թե՞ մարդու:
-Տիեզերքի, աստղերի, մարդու: Մի անգամ կարդացի աստղերի սպեկտրալ դասերի մասին: Պարզվում է՝ նրանք գույներ ունեն ըստ իրենց ջերմության. լինում են կապույտ, կարմիր, դեղին, կան միայնակ աստղեր, աստղազույգեր, թզուկներ, հսկաներ, միգամածություններ, աստղափոշուց նոր ծնված աստղն արդեն միլիոն տարեկան է… Էլիոթն այսպիսի տողեր ունի.
Այսպես է վերջանում աշխարհը
Ոչ թե պայթյունով, այլ կաղկանձով:
Այդպես է ծնվել բանաստեղծությունը:
– Գրում եք Երկնքի անսահմանության ու Երկրի սահմանների մասին: Գրողը երկրի ու երկնքի, անսահմանի ու սահմանների եզրագծու՞մ է:
– Մարդը գրում, նկարում, ստեղծագործում է, որովհետև երկրային սահմաններում ֆիզիկապես է ապրում, իսկ հոգին անսահմանի տարածություններում է: Հոգին գրով բառավորվում է, ներկով՝ նկարվում, երաժշտությամբ՝ հնչում. այդպես է անսահմանից մի մաս սահմանազատվում, երևակվում ու մարմնավորվում երկրի վրա: Գիր, երաժշտություն, գույն՝ ինչ կա ստեղծագործողի մեջ, այն էլ արտահայտում է: Անսահմանությունը թափառում է երկրային տարածքում ու հետքեր գծում: Բազմածավալ են ձևերը: Թումանյանը աստվածային տիեզերքի ճամփորդ է, երկրային սահմաններին անհաղորդ է նրա հոգին, Չարենցը անկումների սարսափից դարերում հաղթական քայլում է։ Մեզնից դուրս սկսվում է երկինքը, բայց այն ներսում պիտի զգալ: Իմ ամենասիրելի բանաստեղծներից մեկը` Էմիլի Դիքինսընը, ասում է.
Ով չի գտել երկինք ցածում,
Կձախողի նաև բարձրում.
– ՈՒր տեղափոխվում ենք մենք,
Հրեշտակները տուն են վարձում այնտեղ:
– «Երեսունարծաթանոց սերը հերիքում է բոլորին»: Հերմինե, սերն ու մատնությունը անբաժանելի՞ են:
– Այս բառերի իմաստը բանաստեղծության մեջ մի քիչ այլ է: Զգացողությունն է այն բանի, որ եթե 30-արծաթանոց սերը բաժանեն` բոլոր մարդկանց կհերիքի, այսինքն` նյութեղենացված է մարդկային աշխարհում այդ զգացմունքը: Շատերին դա բավական է, շատերի համար դա է չափանիշն ու կշիռը: Այս տողը իմ հոգու ընդվզումն է դրա դեմ: Մյուս կողմից, Քրիստոսը մատնվեց 30 արծաթով, այսինքն, նրա սիրո դիմաց դա էր մատնության չափը, և այդ արարքից հետո դեռ ոչինչ չի փոխվել երկրի վրա ու մարդկության մեջ:
– «Փոքրիկ իշխանին» (Վարդից): ՈՒշագրավ գործ էր, մոտեցում: Բանաստեղծության մասին պատմելը հեշտ չէ, բայց մի փոքր պատմեք ինչպե՞ս, ինչու՞ ծնվեց այն:
– «Փոքրիկ իշխանը» իմ ամենասիրելի գրքերից է, որքան էլ խորիմաստ, բազմաժանր ու հանճարեղ այլ գրքեր լինեն աշխարհում: Վերջերս փորձում եմ բնագրով կարդալ` ֆրանսերեն, ու մի միտք գրավեց ուշադրությունս, որ առաջ չէի նկատել. ասվում է` ասածս կրկնում է երկիրը: Այսինքն, մարդիկ խոսքը չեն իրականացնում, այլ միայն արձագանքում են՝ գրքից գիրք, ժամանակներից ժամանակներ։ Երբեմն, ժամանակ անց, մարդկային արարքներն այլ կերպ են երևում: Դա իմ այն մտորման արդյունքն է, որ գուցե Վարդը, որի փշոտ խոսքերը պատճառ դարձան Փոքրիկ իշխանի` մոլորակից հեռանալու, հետագայում զղջաց և նամա՞կ գրեց:
-«Քարեր էր պետք նետել,
Հետո սկսեցին քարեր հավաքել»:
– Հերմինե, ոչինչ չի՞ փոխվել: Մինչ օրս Մագդաղենացու վրա քարե՞ր են նետում ու հավաքում: Թեև, իմ կարծիքով, հիմա հակառակ ծայրահեղությունն է` ոչ նետում են, ոչ հավաքում:
– Աստվածաշնչյան թեմա է: Որքան էլ դժվար է քար նետել մեղավորի ուղղությամբ, այնուամենայնիվ, զատելու համար մեղքը և անմեղությունը, պետք է: Դա ամենադժվարն է, բայց եթե չեն զատվում լավը և վատը, բարին ու չարը, արդարն ու անարդարը, խառնիճաղանջն է շատանում: Լույսն ու խավարը զատված են, և լույսը երևում է խավարի մեջ, խավարն էլ` լույսի: Քարեր չեն նետում, ու վատն է շատանում: Քարեր հավաքելը խորհրդանշում է անուղղակի թափված քարերի կուտակում, այսինքն, նրա նպատակը հստակեցումը չէ:
– «Երազներս միշտ էլ դավաճանում են ինձ
Ամեն անգամ նորից դառնում եմ ինքս ինձ»:
Սա գրողի, քաղաքացու, մարդու՞, թե՞ աշխարհի քաղաքացու հիասթափություն է: Որովհետև ինչքան էլ քո երազները, աշխարհը առանձնացնես, միևնույն է, մեծ աշխարհի մի մասնիկն ես:
– Հիասթափություն չէ, այլ սթափ հայացք: Երբ երազներ ենք հորինում, ու դրանք դավաճանում են, քանզի չեն իրականանում, պետք է դառնաս ինքդ քեզ, ոչ թե կախված մնաս երազանքների բարակ, անտեսանելի թելերից:
«Հոգով արի, սրտով բարի,
Որ քո նավը չխաթարի». Կոմիտասն է ասում: Մեծերի գիրն իբրև պատգամ պիտի ընդունել ու քայլել այդ տողերի հստակությամբ:
– Գիրքն ավարտվում է այս տողերով.
«Երկնային իմ ամրոցում ապրեմ
Մինչև փոթորիկներն այս երկրային անցնեն»:
Ինձ հանգիստ, հաշտ, տխուր, բայց լուսավոր ու բազմանշանակ թվաց գրքի վերջաբանը, բայց կարծես շարունակություն ենթադրող տողեր են` «Մինչև փոթորիկներն այս երկրային անցնեն»:
– Կարծում եմ` մարդը երկկենցաղ էակ է, ապրում է երկրում ու երկնքում: Երբ երկրում թթվածինը չի հերիքում, երկինք է բարձրանում: Որքան երկնքին մերձ են մեր հոգիները, այնքան թեթև են երկրային փոթորիկները: Եթե հաջողվում է բառերի թևերով վեր ճախրել, այնտեղ երկնային ամրոց գտնել, հաղթահարվում է երկրային ամեն փոթորիկ:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Աղբյուր՝ irates.am։