Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին
Նմանատիպ
Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Սենատի` Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ պրն. Ժիլբեր-Լյուկ Դընվինազին, պրն. Պիեռ Ուզուլիասին և խմբի գործադիր քարտուղար տիկ. Վերոնիկ Բոկեին:
Ողջունելով խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերություններին և դրանց առավել զարգացման գործում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի կարևոր ներդրմանը: Նորին Սրբությունը, խոսելով երկու ժողովուրդների պատմական կապերի մասին, գնահատանքով փաստեց այն զորակցության մասին, որ Ֆրանսիայի Հանրապետության կողմից այսօր ցուցաբերվում է հայ ժողովրդին և Հայաստանին:
Վեհափառ Հայրապետը վերհիշեց նաև Ֆրանսիա կատարած իր հովվապետական այցերը, որոնց ընթացքում ականատեսն է դարձել ֆրանսահայության աշխույժ հոգևոր-ազգային կյանքին, ազգային ինքնության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծեցին, որ գտնվում են մի կենտրոնում, որը հայապահպանության երաշխավորն է, ապա խոսեցին Ֆրանսիայում հայ համայնքի հետ ունեցած փոխհարաբերությունների, ինչպես նաև վերջինիս առջև ծառացած մարտահրավերների, մասնավորապես լեզվի պահպանման խնդրի մասին:
Զրույցի ընթացքում խոսվեց ներհայաստանյան վերջին զարգացումների մասին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում