Կարո Վարդանյանը` կոմիտասյան խաղիկների մասին. «Երջանկություն է փրկված տեսնել այս փաստաթուղթը»
Նմանատիպ
Սեպտեմբերի 11-ից մեկնարկել է «Հիշողության կերպարանքները ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով VIII միջազգային սեմինարը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, մասնակցում են տարբեր երկրներ ներկայացնող վերականգնողները, թանգարանագետները և արխիվագետները, բարձր տեխնոլոգիաների մասնագետները։
Սեպտեմբերի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում կայացած միջոցառման ժամանակ պատկերասրահի տնօրեն Արամ Ծատուրյանը նշեց, որ պատահական չի ընտրված սեմինարի անվանումը, քանի որ դահլիճում հսկայական հիշողություններ են ամփոփված: Նա ասաց, որ 1950-ականներից Հայաստանի ազգային պատկերասրահում գործում է վերականգնման եւ կոնսերվացման բաժին, որը ակտիվ համագործակցում է այլ հաստատությունների հետ:
Հավելեց, որ այդ բաժնում վերականգնվում կամ կոնսերվացվում են հավաքածուի բոլոր տեսակների ստեղծագործությունները՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, խեցեգործություն, կահույք և այլն: Մասնագետները նաեւ տեխնիկական զննման են ենթարկում բոլոր այն ստեղծագործությունները, որոնք ընտրվում են ժամանակավոր ցուցահանդեսների կազմում, պատկերասրահի ներսում կամ միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու դեպքում:
Նույն օրը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի ինստիտուտին փոխանցեց Կոմիտասի խաղիկների վերականգնված ձեռագիրը, որի հետ ժամանակին աշխատել է մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանը: Սեմինարի պատասխանատու Արա Խզմալյանը կարեւորեց հատկապես Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի պրոֆեսիոնալ աշխատանքը:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանն ասաց, որ առիթ է ընձեռվել վերականգնման գործի անմիջական արդյունքը ցույց տալ եւ փոխանցել սեփականատիրոջը:
Տիկին Էլիազյանը նշեց, որ բոլորը ներկա են շատ թանկ մշակույթի հուշարձանի փոխանցման, նաեւ ափսոսանք հայտնեց, որ կոմիտասյան մասունքներից շատ քիչ բան է մեզ հասել ու պահպանվել:
Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն անհամբեր էր ստանալ հասույթը: «Միջթանգարանային համագործակցությունը մեր ոլորտի գործունեության կարեւորագույն բաղադրիչն է, մեր թանգարաններն ու պահոցները շատ բան ունեն միմյանց տալու, փոխլրացնելու, իսկ Մաշտոցյան մատենադարանն ու Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանը` առավել եւս: Այս երկու խոշոր կենտրոնները ժամանակագրական առումով լրացնում են միմյանց: Եթե Մատենադարանում պահպանվում է հնագույն եւ հին շրջանի ձեռագրեր, փաստաթղթեր, մատյաններ 5-6-րդ դարերից 17-18-րդ դարեր, ապա գրականության եւ արվեստի թանգարանում պահպանվում են նոր եւ նորագույն շրջանի ստեղծագործողների, դպրոցների եւ այլ հաստատությունների փաստաթղթերը: Այսինքն՝ այնտեղ, որտեղ վերջանում է Մատենադարանը, սկսվում է գրականության եւ արվեստի թանգարանը: Սակայն ի տարբերություն Մատենադարանի, մեր թանգարանը ոչ մի տեղ չի վերջանում»,-ասաց նա:
Կարո Վարդանյանի խոսքերով, հաճախ որեւէ փաստաթուղթ հարիր է մի թանգարանին, բայց պահպանվում է մեկ այլ թանգարանում: «Ճիշտ այդպիսի մի քննարկում եղավ տարիներ առաջ մեր հավաքածուներից մեկի շուրջ, որն իրենից ներկայացնում էր ավելի քան 100 միավոր բացառիկ թուրքերեն փաստաթղթեր` հայատառ, լատինատառ, արաբատառ: Այդ քննարկման արդյունքում մենք համապատասխան առաջարկությամբ հանդես եկանք կառավարության առաջ եւ կառավարության որոշմամբ այդ փաստաթղթերը հանձնվեցին Մատենադարանին, փոխարենը Մատենադարանը պարտավորվեց երբեմն-երբեմն որոշակի փաստաթղթեր մեր թանգարանից վերականգնել: Առաջինը սկսեցինք այս բացառիկ մասունքից` Կոմիտասի խաղիկների մասին է խոսքը, որն այն աստիճան քայքայված էր, որ կորցվելու եզրին էր: Այս մասունքը կրկնակի արժեք է, քանի որ նրա հետ աշխատել է մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանը, ընդ որում՝ այնքան հետեւողական է աշխատել, որ կարող ենք նրան համարել այս փաստաթղթի համահեղինակ: Այնպես որ, մեզ համար մեծագույն երջանկություն է փրկված տեսնել այս փաստաթուղթը»,-հավելեց Կարո Վարդանյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am: