Երևանի պատմությունը՝ լուսանկարներում

Երևանի պատմությունը՝ լուսանկարներում

Երևանի քաղաքապետարանում բացվել է «Երևանը երևանցիների աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մայրաքաղաքի 2800-ամյակին: Ցուցահանդեսի գաղափարը «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանինն է, կազմակերպել, համակարգել են լուսանկարիչներ Արմեն Ենգոյանը և Վահան Քոչարը: 37 հեղինակի 154 աշխատանքները ներկայացնում են հին ու նոր Երևանը:

«Այստեղ Երևանի պատմությունն է: Տեսնում ենք մեր քաղաքը, ինքներս մեզ: Կարող եք տեսնել ինչպես են ապրում երևանցիները, ինչպես է կառուցվում հին Երևանը. կա շինարարություն պատկեր, որտեղ պատկերված է Մաշտոցի պողոտան, կարող եք տեսնել Աբովյանի պուրակը, որտեղ Աբովյանի արձանը չկա, հայտնի երևանցիների դիմանկարներ, հեղափոխական դրվագներ՝ 88-ից, մարտի մեկից, թավշյա հեղափոխությունից: Կան և՛ ուրախ, և՛ անհանգիստ տրամադրություններ,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Ենգոյանը,- Ինձ հետաքրքիր է՝ ինչպիսին կլինի արձագանքը: Հիմա նայում եմ՝ մարդիկ ժպտում են, լավ են զգում, ինչ-որ բան են հիշում… արդեն լավ է»: Ենգոյանն ինքը ներկայացել է մի քանի աշխատանքներով, մեկում տղաները նստած են Կասկադում, կիթառ են նվագում, դիմացը՝ քաղաքն է, մյուսը՝ մազերը հայելու մոտ հարդարող տատիկի հայտնի լուսանկարն է: Մնացածը կպատմեն լուսանկարները:

Հին Երևանի նկարները տրամադրել է Վահան Քոչարն իր հավաքածուից: Ներկայացված լուսանկարիչներից նա առանձնացրեց Գեղամ Թարվերդյանին, ով միջազգային ցուցահանդեսներում ստացել է երկու Ոսկե մեդալ և շատ մեծ լումա ունի հայկական լուսանկարչության պատմության մեջ: Արմեն Ենգոյանը հավելեց, որ լուսանկարում Թարվերդյանը լուսանկարել է իր ոսկե հարսանիքը: Որպեսզի ավելի պարզ լինի նկարի վաղեմությունը՝ նշեց՝  նրա թոռը հիմա 81տարեկան է:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 16-ը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Աղբյուր՝ irates.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում