Հովհաննես Պլուզ վարդապետի ճառը սիրո մասին
Նմանատիպ
Ընթերցվում է Ավագ Հինգշաբթի օրը` Ոտնլվայի արարողության ժամանակ:
Աստված սեր է, ասում է Որոտման որդին, Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննեսը. և (նա) ով սիրո մեջ է բնակվում, Աստծո մեջ է բնակվում և Աստված` նրա մեջ: Եվ արդ, եղբայրներ սիրո (մասին) այս ճառը լսեք և մտքներումդ պահեք: Ամեն ոք, ով Աստծուն է սիրում` նաև իր եղբորն է սիրում, որովհետև առ Աստված ունեցած սերը եղբոր հանդեպ ունեցած սիրով է երևում: Որովհետև եղբորը, ում մարդը տեսնում է և չի սիրում, ապա Աստծուն, որ չի տեսնում ինչպե՞ս պիտի կարողանա սիրել: Այսպես Աստծուն սիրողներ կճանաչվենք, երբ մեր եղբորը հոգևոր սիրով սիրենք և ոչ թե մարմնավոր, որովհետև այլ է հոգևոր սերը և այլ` մարմնավոր, որի մասին, առաջ անցնելով ասեմ, պետք է խոսենք, ավելի ուշ, իր տեղում: Բայց արդ, ամեն ոք, ով սիրում է ճանաչվում է Աստծուց և ինքը ճանաչում է Աստծուն և ամեն ոք, որ իր եղբորը ցավակցաբար չի սիրում` օտար է Աստծո համար, և չի կարող աստվածային շնորհներ ընդունել: Ամեն ոք, ով իր եղբորը սուրբ սրտով է սիրում, Աստծո համար բնակարան է լինում և Աստված նրա մեջ է բնակվում: Որովհետև Ինքը` Տերը, սիրեց մեզ և Ճշմարտության Հոգին ուղարկեց մեր մեջ բնակվելու, որպեսզի մեր իմանալի հոգիներն Աստծո անիմանալի Հոգու հետ սիրով կապակցվեն: Եվ ինչպես Նա սիրեց մեզ, նույնպես և մեր մեջ է կամենում միմյանց հանդեպ սեր: Տե՛ս, թե Աստծո մոտ սերը որչափ առավելություն ունի, որ մարդուս Աստծո նման է դարձնում, քանի որ Աստված իր սիրով մարդացավ և ցույց տվեց, որ մարդիկ իրենց սիրով Աստծո նման պիտի լինեն: Որովհետև Աստված այնչափ սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհի փրկության համար: Եվ եթե մենք սիրենք միմյանց այնպես ինչպես որ Աստված սիրեց մեզ ոչինչ է չարը, որ մեր սերը խափանի, ամեն ոք, ով սիրում է, մարդկանց առաջ հայտնի է և Աստծո առաջ համարձակ, որովհետև մահացու մեղքերից երկյուղ չունի, այլ Աստծո սիրով զինված է և բոլոր երկյուղալի վտանգներից անվախ է: Ուր սեր կա, այնտեղ երկյուղ չկա, ինչպես Հովհաննեսն է ասում, սիրո մեջ երկյուղ չկա, որովհետև սերը կատարյալ է և հեռու է վանում երկյուղը, քանի որ երկյուղը տանջանքի ենթակա է, իսկ սերը` համարձակության, ուստի երկյուղը հալածվում է սիրուց: Եվ ուր սեր չկա, այնտեղ դատաստանի սարսափ կա և կորստյան վախ` մեծ դատաստանի օրվա համար: Իսկ սերը մարդուս բոլոր տանջանքներից անվախ է պահում, այն սերն ասում է, որ բոլորովին հեռու է երկբայությունից, որովհետև երկբայությունն ու սերը միասին չեն կարող բնակվել: Եվ բացահայտ է, որ սերը ոչ միայն հավիտենական կյանքում է պտղաբերում իր խաղաղության պտուղը, այլև այս աշխարհի մեջ բոլոր թշնամությունները` նախանձը, ատելությունը, ոխակալությունը, չարությունը, չարախոսությունը, հայհոյությունը, տրտունջը, բամբասանքը, հպարտությունը, և ամբարտավանությունը և մանավանդ բոլոր չարիքների մայրը` արծաթսիրությունը և ագահությունը հալածում է: Արդ, նա ով սեր ունի, այս բոլոր չարիքներից հեռու է մնում և երկնային ապահով` խաղաղական հանգիստն ու մշտնջենական բարուն արժանի կդառնա: Ի՞նչն է ավելի խաղաղական, քան սերը` ձերբազատված լինելով բոլոր խռովություններից և Աստծո համար հաճելին կատարել: Սերը երկնքի արքայության բանալին է և հավիտենական կյանքի ճանապարհը: Սերը մարդկանց Աստծո որդիներ և երկնքի արքայության ժառանգորդներ է դարձնում: Սերն ապականացու բնությունը անապականի է վերածում և մահկանացուն անմահության է փոխում: Սերը երկրայիններին երկնայիններ է դարձնում և հողեղեններին հրեղենների է վերածում: Եվ արդ ո՞վ կարող է պատմել սիրո անչափ մեծությունը, որովհետև այն անճառելի և անպատմելի է և ինչպես որ Աստծո անեղ բնությունն անքննելի է, այնպես էլ սիրո բնությունն է անքննելի: Եվ ինչպես Աստված անբավելի է, բայց բոլորին մոտ է, և բնակվում է հեզերի, խոնարհների մոտ և նրանց, ովքեր իր խոսքից դողում են, նույնպես և սերը բոլորին մոտ է, ով որ կամենում է նրան և ինքը գալով բնակվում է իրեն խնդրողների մեջ, քանի որ սերն իր սիրելիներին սիրում է և իր ատելիներին ատում է: Նրանք, ովքեր սեր են փնտրում, մոտ է նրանց աստվածապես, որովհետև Աստված սեր է և սուրբ սրտից ու անկեղծ հավատքից բխող սիրո կամեցողն է:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում