Փողոցը
12/09/2018 22:05
Նմանատիպ
Քայլերս լուռ կոտրում են օրվա ողորկ ապակին
և փողոցն է հայտնվում արևի մեջ փայլելով,
«Ճակատագիրն եմ ես քո», – դեմքիս ուղիղ նայելով`
ասում է նա և ժպտում միրաժի մեջ քաղաքի:
Բարձրանում են, ճարճատում կամուրջները մեր կյանքի,
խոսում է նա – վառվելով կախարդանքի հայելում,
մետամորֆոզն այս ժամի նոր պատկեր է մեզ բերում,
մենք ապրում ենք նույն պահով, մեզ պահում է նույն հոգին:
Խոսում է նա և քայլում – հագին քարեր ու բետոն.
գալիս է իմ ետևից, ինձ հեռանալ չի թողնում,
և կեսօրն է մեր միջև զնգում ինչպես կամերտոն:
Ես իմ սենյակն եմ մտնում, փակում դուռ ու պատուհան,
նա գալիս է և կանգնում պատուհանի այն կողմում,
որպես վկան իմ միակ, ականատեսն իմ անկման:
1979
Հենրիկ ԷԴՈՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում