Մեզ ուղեղային գրոհներ պետք չեն, այլ՝ կոնկրետ դեղատոմսեր

«Հայոց աշխարհ»-ում կարդում ենք. «Վիճակվեց օրերս զրուցել Երեւանի ավագանու մի նորընտիր անդամի հետ եւ պարզապես ապշեցրեց նրա լավատեսական կանխատեսման ուժը։ Վերջինս հպարտորեն հայտարարեց, թե իբր շուտով իրենք կհավաքվեն ավագանիում ու կբուժեն մայրաքաղաքի բոլոր հիվանդությունները ուղեղի հզոր գրոհով, այն է՝ որքան ուզենաս ինքնատիպ գաղափարների առաջադրմամբ՝ հուսալով, թե դրանց մեջ հանկարծ կգտնվի որեւէ առողջ միտք,- գրում է հեղինակը։- Դե ինչ, մտահղացումն, իհարկե, հետաքրքիր է, սակայն գրոհներ ընդունված է կազմակերպել հանուն զուտ արտասովոր խնդիրների լուծման, մինչդեռ առօրեական խնդիրների մեծ մասը լուծվում է առանց գրոհի, քանզի միջոցներն առանց այդ էլ հայտնի են։ Ո՞վ է նորոգում ավտոմեքենան կամ փոխում բնակարանի պատուհանները ուղեղի հուժկու գրոհով։ Ո՞ւմ է պետք նման դեպքերում հզոր ինտելեկտների հանդիպակաց մարտի ցուցադրումը։

Նույն չափով դա վերաբերում է նաեւ մայրաքաղաքին։ Քաղաքի կառավարումը ճշգրիտ գիտություն է, բուժման միջոցները հայտնի են, այնպես որ արտասովոր որոշումների ուժի առջեւ խոնարհվելով հանդերձ, ավելի դյուրին կլիներ Երեւանի բարեկարգման համար սկսել փող ծախսել գիտության մեջ վաղուց արձանագրված դեղատոմսերով։

Շատ ավելի օգտակար կլինի, եթե հենց նույն Երեւանի ավագանու անդամները փորձեն գտնել այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսիք են, օրինակ, Փակ շուկայի ոչնչացումը եւ համանման ճակատագրի սպառնալիքի տակ գտնվող մի ամբողջ շարք շինությունների հարցը։ Ըստ որում՝ առանց ուղեղի գրոհի, այլ պարզապես դրսեւորելով սկզբունքայնություն, կամք ու վճռականություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում