Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը (Ղուկ. 18: 2-5)
Նմանատիպ
Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»:
Ոմանք սխալմամբ Քրիստոսին վերագրեցին այս առակը, քանզի որպես Աստված` Աստծուց չի երկնչում և մարդկանցից չի ամաչում, որովհետև անարգ ոչինչ չի արել: Արդ, եթե Քրիստոս արդարության Դատավորն է, Նրան չպետք է վերագրել անիրավ դատավորի մասին խոսքը: Այստեղ պետք է հասկանալ, որ մեկն անիրավ դատավորն է, իսկ մյուսը` այրու ոսոխը, որ անիրավ դատավորի իշխանության տակ է. քանզի չարերի մեջ էլ հնարավոր է, որ մեկն իշխի, իսկ մյուսը՝ ենթարկվի, ինչպես և Բէեղզեբուղը դևերի իշխան կոչվեց:
Արդ, անիրավ դատավորը չերկնչեց Աստծուց, քանզի Նրա Որդուն մատնեց խաչելու, իսկ Նրա մարգարեներին ու առաքյալներին` սպանելու, և մինչև այժմ քրիստոնյաներին հալածանքներ է հարուցում` Աստծու թույլտվությամբ: Նա ամբարտավան ու անբարեհաճ դատավոր է և մարդկանցից էլ չի ամաչում` արհամարհելով մարդկային ցեղը:
Իսկ քաղաքի այրին մարդու հոգին է` այրիացած Քրիստոսից, քանի որ Նա Եկեղեցու Փեսան է (աննյութական Եկեղեցի կազմող բոլոր հոգիների): Այրին Քրիստոսին թողած՝ ապավինում էր անիրավ դատավորին` հալածվելով ոսոխից` դևից, իրավունք էր խնդրում մեկ այլ դևից, որպեսզի ձերբազատվի ոսոխի բռնությունից: Այս ոսոխը կա´մ դև էր, կա´մ էլ սատանային հնազանդված մարդ: Իսկ անիրավ դատավորը, այրուց հոգնելով, կատարեց այն, ինչը խնդրում էր:
Այս առակը խրատում է, որ պետք է անձանձրույթ աղոթել Աստծուն: Քանզի եթե անիրավ դատավորն այրու տևապես հաճախելու և թախանձելու պատճառով նրա դատը տեսավ, ապա Քրիստոս` արդարության Արեգակը և Դատավորը, որչափ առավել պիտի լսի նրանց աղաչանքներն ու պաղատանքները, ովքեր ամեն օր աղոթքներով դիմում են Նրան:
(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» գրքի)
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: