Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են

Տիգրան Հեքեքյանը ահազանգում է` հերթական հուշարձան շենքը հատուկ խարխլել են

Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, փլուզման շեմին է: Սեպտեմբերի 17-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: Նա ասաց նաեւ, որ խնդրի մասին իրազեկել են հնարավոր բոլոր ատյաններին:

«Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ասաց, որ այս տարածքում` Բուզանդ-Արամի հատվածում, մնացել է 6 այդպիսի շենք, եւ որեւէ խոչընդոտ կամ արգելք չի կարող լինել պահելու այդ շենքերը: Ավելի կտրուկ է ասել, որ թույլ չեն տա վնասելու այդ շենքերը», – հավելեց մաեստրոն: Նշեց, որ աշխարհի լավագույն բեմերում հանդես եկած փոքրիկ երգիչները հուսալքված են, իր ձեւակերպմամբ, ասես հոգեհանգստյան արարողության եկած լինեն:

Տիգրան Հեքեքյանը հավելում է. «Սա նախորդ իշխանությունների գործունեության հետեւանք է, պողոտան ճանաչվել է գերակա շահ եւ այստեղ պետք է կառուցապատվեին հին Երեւանի տեսք ունեցող շենքերով, եղածներն էլ պետք է մնային: Սակայն ինձ բոլորովին չի համոզում դա, որովհետեւ հայտնի չէ, թե վերջերս քանդված շենքերի քարերը որտեղ են, ուր մնաց, թե 15-20 տարիներ առաջ քանդվածներինը հայտնի լինի»: Մաեստրոն շեշտում է` այս տարվա մայիս ամսից «Հին Երեւան» ՓԲԸ-ի կողմից սկսվել են փորման աշխատանքները, Տերյան փողոցը քանդել են եւ սկսել արագ կառուցել:

Տիգրան Հեքեքյանը պնդում, է, որ նորմատիվների խախտումով են տարածքը փորել, ու այնքան մոտ են փորել պատմամշակութային հուշարձանին, որ խարխլել են, մեկ օրվա մեջ պատերը մի քանի սանտիմետրով իրարից հեռացել են: «Երկու անգամ փլուզվել է շինարարության տարածքը` առավոտյան 5-ին, 6-ին մոտ, բարեբախտաբար, շինարարներ չեն եղել, այլապես զոհեր կլինեին: Միեւնույն ժամանակ բանվորները շարունակել են աշխատանքը: Վարչապետի վերահսկողությունից անձը եկել է եւ ասել է շինարարներին` ի՞նչ անվտանգության նորմեր եք կիրառում, պատասխանել են, թե գլխարկներ ենք դնում: Մինչեւ ԱԻՆ-ը մեզ չհանեց այդ շենքից, իրենց էլ չարգելեց, աշխատանքները չդադարեցրին»,-ասում է մաեստրոն:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարին ասել են, որ կանչել են կառուցապատողին, գրավոր նամակ են հանձնել, որ պետք է խարխլված շենքը շտապ վերականգնել, ապարները պահելու ձեւը գտնեն, բայց ոչ բոլոր մասնագետներն են վստահ, որ դա հեշտ է ու քիչ ֆինանսատար:

Տիգրան Հեքեքյանը հավելում է, որ թեեւ մշակույթի նախարարությունը սկզբում դանդաղեց հարցին լուծում տալու առումով, հիմա անհանգստացած է. «Միակ մարդը, որ գնում-գալիս է, փոխնախարարն է: Ես ասացի, որ եթե մարդ պետք է բուժվի, կարելի է հանդարտ բուժել, բայց եթե մահանում է, պետք է արագ վերակենդանացման հարցերը լուծել: Իսկ շենքն իսկապես փլուզվում է, մահանում: Ապացուցել չի լինի, բայց ով եկել-տեսել է, ասում են հատուկ են անում»: 

«Մեկ օրվա մեջ կառավարության որոշում է փոխվել, եւ որոշել են այդտեղ 4 հարկանի շենքեր կառուցել…Մինչդեռ չորս հարկանի Հին Երեւան չի լինում: Սա ուղղակի հերթական բիզնես պրոյեկտն է, ինչպես Հյուսիսային պողոտան ու մնացածը: Ի վերջո չգտնվեց այն մարդը, որ կասի` ոչինչ, թող փող դնեմ, բայց շահ չունենամ, միակը Թումոյի այգին է, որտեղ սրճարաններ չկան»,-փաստում է արվեստագետը:

Ասում է նաեւ, որ երբ 2002-ից այդ տարածքը հայտարարվեց պետական գերակա շահ, ինքը երաշխիքներ է պահանջել, որ շենքը չի քանդվելու: Իրեն էլ ասել են, որ բոլոր հին շենքերը մնալու են, ներառյալ իրենց շենքը: «Ասացին՝ դուք էլ պետք է մնաք այդ տարածքում, որ լինի մի միջավայր, որտեղ կարպետ են գործելու, խեցեգործություն է լինելու, դուք էլ երգելու եք…Ես տեղեկություն ունեմ, որ անձամբ Սերժ Սարգսյանը գնացել է արդեն մահամերձ Հակոբ Հակոբյանի մոտ ու խոսք է տվել, որ նա այդտեղ կունենա տուն-թանգարան, նույնը խոստացել է Սոս Սարգսյանին, ինձ երաշխիքներ են տվել նախարարը, բոլորը… Իսկ ճարտարապետն ասել էր` ոնց կասեն, էնպես էլ կնախագծենք, սպասում ենք հրահանգին», – հիշում է Տիգրան Հեքեքյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում