Հաճախ շրջագայող հայ լուսանկարիչը «հյուրախաղերի» է մեկնում այն երկիր, որը գնահատում է լուսանկարչական արվեստը
Նմանատիպ
Հայաստանում լուսանկարչական արվեստը հիմնականում լուսանցքում է հայտնվել, եթե այլ ոլորտներին պետությունն այս կամ այն չափով աջակցում է, ապա լուսանկարչությունը գրեթե ինքնուրույն է գործում: Մեզանում ոչ հաճախ, բայց, այնուամենայնիվ, կազմակերպվում են լուսանկարիչների աշխատանքների ցուցադրություններ: Չմոռանանք նշել հայտնի լուսանկարիչ Վահան Քոչարի 2007թ. ներկայացրած «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որը մշակույթի մարդկանց գնահատմամբ՝ գրեթե ամբողջական հանրագիտարան է Հայաստանի եւ Սփյուռքի լուսանկարչական ժառանգության: Գրքում տեղ գտած 180 անուններ հեղինակի կողմից են «հայտնաբերվել» ու ներկայացվել: Թվարկենք մի քանի անուններ, որոնց արվեստը ստացել է համաշխարհային հռչակ՝ կանադահայ Յուսուֆ Քարշ, Արթո Գավուք, պոլսահայ Արա Գյուլլեր, ամերիկահայ Հարրի Քունդակչյան եւ ուրիշներ:
Մասնագիտական նեղ շրջանակներում հայտնի է լուսանկարիչ, գրաֆիկ դիզայներ Տաթեւ Մնացականյանի անունը, որի մասին խոսելիս հաճախ ասում են՝ «տարին տասներկու ամիս ճամփորդում է, դրսում ավելի շատ է ցուցադրվում, քան ներսում»: Ասում են նաեւ, թե Վահան Քոչարը մի առիթով զուգահեռներ է տարել այս արվեստագետի եւ հանրահայտ Իդա Քարի գեղարվեստական լուսանկարչության միջեւ: Գործընկերներից մեկն էլ նշեց, որ Տաթեւ Մնացականյանը խուսափում է հարցազրույցներից, ոչ այն պատճառով, թե ասելիք չունի, այլ պարզապես իրե՛նը չէ սեփական արվեստը ներկայացնելը:
«Առավոտը» հանդիպելով Տաթեւ Մնացականյանի հետ, համոզվեց, որ արվեստագետն իսկապես չի սիրում խոսել իր «արած-չարածի» մասին, այդուհանդերձ, ասաց, թե նոր է վերադարձել Ֆրանսիայից, հանդիպել է իր ձեւակերպմամբ՝ ֆանտաստիկ մարդկանց հետ, այցելել է Շալոն-սյուղ-Սոն քաղաք, որտեղ ծնվել է լուսանկարչության գյուտի հեղինակ Նյեպսը: Հիշեց, որ մինչ այդ եղել է Վան Գոգի ծննդավայր Աղլում, մասնակցել այնտեղ անցկացվող ամենահայտնի նկարչական փառատոնին: Երբ հիշեցրինք, թե 2018թ.-ն իր համար հոբելյանական է, մեր զրուցակիցը ընդամենն ասաց. «Սիրում եմ եւ նշում միայն իմ հերոսների հոբելյանները»: Հետաքրքրվեցինք իր «Մարդկային արվեստ- մշակույթի երկխոսություն» նախագծով: Լուսանկարիչը մանրամասնեց. «Ութամյա նախագծիս նպատակը անմահացնելն է մեր արվեստի մեծերին եւ սկսել եմ երջանկահիշատակ նկարչուհի, ցեղասպանության ականատես Ելենա Աբրահամյանի դիմանկարից: Այսօր դիմանկարների թիվը անցնում է 100-ը»: Մեր զրուցակիցը համամիտ չէ այն տեսակետին, թե արտասահմանյան ցուցադրությունների թիվը գերազանցում է հայաստանյանին: «2017թ. Երեւանում ունեցել եմ 6 ցուցադրություն, դրսինը չեմ հաշվել, որովհետեւ ընդհանրապես եւ մասնավորապես՝ արվեստում, սահման չեմ գծում… Հենց անցյալ տարի աշխատանքներս ցուցադրվեցին Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը եւ մեր իրականությունում առաջին անգամ նաեւ եղավ լուսանկարների ցուցադրություն դեսպանատան ֆասադին: Նման լուսային ձեւաչափով մինչ երեւանյանը իրականացվել էր Մյունխենում»,-ընդգծեց Տաթեւը: Հայտնեց նաեւ, թե մեծանուն հայ արվեստագետների, այդ թվում՝ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Ստեփան Շաքարյանի եւ մյուսների մեկական լուսանկարներ այս պահին ցուցադրվում են Արեւմուտքում: Ռեպլիկին՝ կոնկրետ ո՞ր երկրում, լուսանկարիչն ասաց՝ եվրոպական հարկի տակ, հավելեց նաեւ, թե այս պահին դարձյալ եվրոպական հարկի տակ ցուցադրվում է իր մեկ աշխատանքը Իդա Քարի ստեղծագործության կողքին: Անդրադառնալով «Մարդկային արվեստ-մշակույթի երկխոսություն» նախագծին, հարցին, թե այն ե՞րբ է ունենալու ավարտ, Տաթեւ Մնացականյանը ժպտալով պատասխանեց. «Դա շարունակական է, անավարտ…»:
Ինչ վերաբերում է արվեստագետի մշտական «հյուրախաղերին», մեր զրուցակիցն ասաց, որ դրանք իրականանում են իր եւ միջազգային կառույցների շնորհիվ, նաեւ այն երկրի, որը գնահատում է լուսանկարչությունը: Արվեստագետը հավելեց, որ 2015թ. Մյունխենում հրատարակվել է իր ծավալուն լուսանկարների պատկերագիրքը, որում տեղ են գտել վերջին 5 տարիների իր աշխատանքները:
Մեր զրուցակցին փոխանցեցինք մշակույթի նախարարի պաշտոնում տիկին Մակունցի առաջին օրերին հնչեցրած միտքը, թե լուսանկարչությունը իր նախընտրած ոլորտներից է եւ ցանկություն ունի այն զարգացնելու եւ եթե ինքը հանդիպեր նախարարին, ի՞նչ առաջարկ կաներ: «Չեմ հանդիպել նախարարին, բայց եթե երբեւէ հանդիպեմ, վստահ եմ, որ հետաքրքիր զրույց կունենանք»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am: