Ավետիք Իսահակյան․ Այդ ոչինչը ես եմ
Նմանատիպ
Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերում, պառկած էր մի դերվիշ: Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին: Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա.
– Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:
– Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, – անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում.
– Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ:
– Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ:
– Այո՛:
-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:
-Նահանգապետ, – պատասխանում է քաղաքապետը:
-Հետո՞:
– Հետո՝ վեզիր:
– Հետո՞:
– Փոխարքա:
– Հետո՞:
– Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը:
– Ասենք թե շահ դարձար, հետո՞, – հարցնում է դերվիշը:
– Հոտո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:
-Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր, և գնա՛ քո ճանապարհը, – նույն անվրդովությամբ պատասխանում է և նվաղուն աչքերը գոցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում