Օր` առանց սահմանի

Օր` առանց սահմանի

Ու՞ր փախչել կրակից…

(Ռ.Մ. Ռիլկե) 

Օր` առանց սահմանի,
պտտվող և նորից
պտտվող ճակատագիր` թրատող
ձեռքերով, սուրսայր աչքերով,
թեքված ներքև` քաղաքի
լայնության վրա, բարձրահարկ
շենքերից մինչև տներն արվարձանի,
որ սկսվում է, բայց չի ավարտվում,
ավարտվում է, բայց
չի սկսվում ոչինչ:

Դու մի նայիր նրան, որ նա քեզ չտեսնի,
Թող քո աչքերը նայեն իմ
աչքերին, այնտեղ, մեր կյանքի
բացարձակ անապատում –
մարմին ու ստվեր, քաղաքի
փոշու մեջ, մահվան պատահական
դանակի առջև:

Ի՞նչ պիտի անել հույսերի գահավիժման
և անպտուղ ճիգերի իշխանության մեջ,
ու՞ր պիտի փախչել
ապոկալիպսիսի կրակե
շեմի առաջ, (ինչպես մի պոետի աչքերն են տեսել
և խոսել այդ մասին),
հոգիների աղերսագին հառաչանքներից,
որոնք բարձրացնում են
ձեռքերը սարսափի մեջ
և այդպես քարանում տեսած պատկերներից
այստեղ, քաղաքի
բացարձակ անապատում:

Հենրիկ ԷԴՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում