«Բրոդվեյի հիթերից» մինչեւ փակ աչքերով ներկայացումներ՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ում
Նմանատիպ
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը: Ինչպես սեպտեմբերի 25-ին կայացած ասուլիսում նշեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, 16-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է HIGH FEST is your PASS to the theatre world՝ «ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դեպի թատերաշխարհ» խորագիրը: Նա նշեց, որ մեկնարկը կտրվի լեհական, բրազիլական, հայկական եւ վրացական համատեղ նախագծով: Ասաց, որ առաջին երեք օրերին մեկական ներկայացումներ կլինեն, իսկ հոկտեմբերի 1-5-ը օրական 8-10 ներկայացում, վարպետության դասեր, կոնֆերանսներ, ինչպես փառատոնային նախորդ տարիներին էր:
Արթուր Ղուկասյանը տեղեկացրեց, որ այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 22 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արթմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ղրղըզստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: Երևանյան 13 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 40 ներկայացում:
Նա նշեց, որ թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Գերմանիայի «Ֆաբրիս Մագլիահ» ընկերության՝ «Մամացցա» պարային ներկայացումը, Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի՝ «Բրոդվեյի հիթեր» -ը: Վերջինս ամբողջությամբ համապատասխանում է բրոդվեյան շոուի բոլոր պահանջներին՝ բալետային հրաշալի համարներ, բոցավառող երաժշտություն, վառ պատկերներ, անակնկալներ և տոնական տրամադրություն:
Պարոն Ղուկասյանը նշեց, որ կլինի մի ներկայացում, որը կխաղացվի մթության մեջ, հանդիսատեսը կլինի փակ աչքերով: Ներկայացումը կցուցադրվի Կամերային թատրոնի պատկերասրահում:
«Մենք դեռ դեռահաս ենք, 16 տարեկան, շուտով ստանալու ենք անձնագիր: «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը անցում է դեպի թատերական աշխարհ, որի գաղտնաբառը հենց «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն է»,-հավելեց նա՝ խոսելով 2003թ.-ից անցկացվող փառատոնի մասին:
Արթուր Ղուկասյանը տեղեկացրեց, որ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի դրանք երկուսն են՝ «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» և «Պարարվեստի արևելյան ընկերակցություն»: Եվրոպական փառատոների ասոցիացիան (EFA) «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակներում կանցկացնի «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» խորագրով ծրագիրը: Այն միտված է տարածաշրջանի կատարողական արվեստը ինտեգրել եվրոպական փառատոնային միջավայրին:
«Պարարվեստի արևելյան ընկերակցություն» ծրագիրը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից պարի ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների և մասնագետների կողմից, ում համախմբում է լեհական պարահարթակ 2017-ը: Այս ծրագրի շրջանակներում ստեղծվել է հայ-լեհական համատեղ ներկայացում, որը նույնպես կցուցադրվի փառատոնի օրերին: Ծրագրի նպատակն է զարգացնել ժամանակակից պարը Հայաստանում: Այն ունի նաև մեծ կրթական ծրագիր, որը տալիս է հնարավորություն ուսանողներին՝ լրացնել իրենց ակադեմիական կրթությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravota.am: