Անուշ անուրջով
02/10/2018 22:40
Նմանատիպ
Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։
Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,
Լքված լռության ծածկոցն է իջել.
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,
Իմ տխուր հոգում երգերն են ննջել։
Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից։
Կոմպոզիտոր` Էդգար Հովհաննիսյան։
Խոսք՝ Վահան Տերյան։
Գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր` Տիգրան Հեքեկյան։
Կատարում՝ Հայաստանի ազգային ռադիոյի կամերային երգչախմբի։