Ծառուկյանն այսուհետ հաճախ է մասնակցելու նիստերին

Այսօր Ազգային ժողովում հերթական քառօրյայի աշխատանքների մեկնարկին երկար բացակայությունից հետո Ազգային ժողով է եկել խորհրդարանի աշխատանքներից ամենաշատը բացակայած պատգամավոր` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նա լրագրողների հարցերին չի պատասխանել և նշել է, որ երկար հարցազրույց է տվել և այնտեղ բոլոր հարցերի պատասխանները կարելի կլինի գտնել:

Նշենք, որ խոսքը վերաբերվում է այս հարցազրույցին:

Ինչպես հայտնում է «1in.am»-ը` ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերի դահլիճը լքելուց հետո լրագրողներին հայտարարել, որ այսուհետ հաճախ է մասնակցելու նիստերին:

Հարցին, թե ինչո՞ւ է որոշել ավելի հաճախ մասնակցել, չէ՞ որ ինքը գրեթե չի մասնակցում ԱԺ նիստերին Գագիկ Ծառուկյանը պատասխանել է, որ ինքը գործեր է ունեցել, այդ գործերն ավարտել է հիմա արդեն կարող է մասնակցել:

Ի դեպ, Գագիկ ծառուկյանը նիստի ժամանակ մասնակցեց միայն քվեարկություններին և դրանցից անմիջապես հետո լքեց դահլիճը:

Այն հարցին, թե արդյո՞ք իր այդ որոշման վրա ազդեցություն է ունեցել անցյալ քառօրյային ԱԺ նախագահ և իր խնամի Հովիկ Աբրահամյանի բարկությունը և նիստերը լքող պատգամավորների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու սպառնալիքը, Ծառուկյանը պատասխանել է. «Ես արդեն պատասխանեցի»:

Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ ի վերջո ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալո՞ւ է, թե՞ ոչ, կամ նախագահական ընտրություններին չի մասնակցել իր անվտանգությունի՞ց ելնելով։ ԲՀԿ ղեկավարը չի պատասխանլ այս հարցերին՝ ասելով, թե բոլոր հարցերի հետ կապված՝ ինքը հայտարարություն է արել, և լրագրողները կարող են այն կարդալ:

Գագիկ Ծառուկյանին նաև հարց  է ուղղվել, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն հանգամանքը, որ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը հանձնարարել է նախարարությունում քանդել իր սենյակը, ինչին նա պատասխանել, որ «ոչ մեկ ոչ մի բան չի քանդել, սենյակը քանդում է»:

 
Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում