Հայրենիք
Նմանատիպ
…Եվ թվում է ինձ՝ աղջամուղջի մեջ այն վաղնջական
Բարբառել մի ձայն, այսպես է ասել ձայնն այդ բարբառող.
-Այստեղ քար է բիրտ, անդունդ է մթին, վիհեր են անկման,
Արի քեզ տանեմ ես ուրիշ մի հող:
Արի քեզ տանեմ մի ուրիշ աշխարհ, հեռավոր դաշտեր,
Ուր հողը փափուկ, ուր ջուրը առատ ու խոտն է թավիշ…
Իսկ ես ասել եմ.- Այստեղ եմ ծնվել, կմնամ այստեղ,
Թեկուզ կաղկանձեմ ու ոռնամ ցավից…
Նախ քարանձավ էր… Ու ես առաջին խարույկիս բոցով
Որձաքարերի վայրենությունն եմ քնքշորեն շոյել,
Հետո կայծքար եմ առել ու նրա տխուր զնգոցով
Երազանքներս եմ պատերին փորել։
Ժայռերի վրա արյունոտվել են ոտքերն իմ բոբիկ,
Լեռնալանջերի մրրիկները ցուրտ իմ կուրծքն են վառել,
Եվ իմ բարբառը արձագանքելով քարերի մեջ բիրտ,
Ինչ-որ քարեղեն զնգոց է առել:
Այդ բիրտ բարբառով, երկի՛ր, քնքշանք եմ քեզ շշնջացել,
Քնքուշ անուններ տվել ծառերիդ ու թռչուններիդ,
Իմ հոգում նիրհող առասպելների ծալքերը բացել,
Կապույտ եմ հանել, կախել վիհերիդ։
Քո մերկ ժայռերին իմ երազների կանաչն եմ հինել,
Սրտիս հառաչն ու հոգուս շառաչն եմ խառնել գետերիդ,
Հորինել եմ ես գեղեցիկ ու մերկ աստվածուհիներ,
Շնորհել լազուր ու սուրբ եթերիդ։
Թախիծ եմ դրել սոսափյունի մեջ քո բարակ ուռու.
Առեղծվածների մշուշով լցրել այրերդ խավար,
Լուսնի լույսի հետ որպես հմայիլ ու որպես հուռութ
Բաղձանք եմ կախել քարափներդ ի վար։
Ես ոգիներ եմ դրել փչակում քո կաղնիների,
Սոսյաց անտառում հմայողների հանդես եմ բացել,
Հողիդ եմ տվել ես աճյունները իմ նախնիների,
Եվ մայրացել է հողն ու հայրացել։
Ու երբ եկել են, որ խլեն ինձնից լեռնաշխարհն այս լուրթ,
Խոցվել եմ հաճախ ես ոսոխների նետ ու նիզակից,
Արյունս կաթ-կաթ ծծվել է հողում, և այս հողը սուրբ
Դարձել է այդպես ինձ արյունակից…
Ու երբ նորից է բարբառել հեռվից ձայնն այդ հմայող,
Ու երբ նորից է խոստացել չքնաղ ու կանաչ ափեր,
Ասել եմ նրան.- Չկա այսպիսի հայրենիք ու հող,
Քանզի այստեղ եմ արյունս թափել։
Այս հողին եմ ես դարեդար խառնել արցունք ու կարոտ,
Խառնել տառապանք, հրաշք եմ խառնել ու խառնել ոգի,
Որ երբե՜ք, երբե՜ք չթողնեմ կյանքում երկիրն այս քարոտ
Ու երբե՜ք, երքե՜ք չտամ ոչ ոքի.
Վահագն ԴԱՎԹՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում