Թուրք հոդվածագիր. Ազնավուրի երգերը թաքուն հրավեր էին` գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու

Թուրք հոդվածագիր. Ազնավուրի երգերը թաքուն հրավեր էին` գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու

Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն իր սյունակում խորը հիացմունքով է անդրադարձել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին:

Թուրք հեղինակի «Այսուհետ Ազնավուրն էլ չկա» վերտառությամբ հոդվածը թարգմանել ու հրապարակել է «Էրմենիհաբեր»-ը.

«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր…

Մեր գործը նրա երգերը սիրելն էր: Մենք սիրում էինք այդ երգերը, քանի որ մտածում էինք` այդ երգերը սիրելով կկարողանայինք սիրահարվել… Կկարողանայինք սիրել ու սիրվել… Հաճելի էր ֆրանսերեն լսելը, պետք էլ չէր իմանալ լեզուն: Երգում ինչ էլ որ ասվում էր, յուրաքանչյուր բառը պարում էր մեղեդու հետ, քեզ էլ առնում ու տանում… Առանձնապես չգիտեինք էլ, թե ուր էինք գնում: Ակնհայտ էր, որ միևնույն երգերը սիրելով յուրաքանչյուրս տարբեր երազանքների գիրկն էինք ընկնում…Նրա « Տար ինձ աշխարհի մյուս կողմը» խոսքերում ամեն մեկիս համար աշխարհի մյուս կողմը տարբեր էր…

Ներողություն, մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր…

Երբ «La Boheme»–ն էր հնչում, անկարևոր էր դառնում թե երգողի, թե լսողի ինքնությունը: Աշխարհի որ մասում էլ գտնվեիր` ինքդ քեզանից չէիր կարողանա փախչել…

Անձնագրում չէին կարողացել գրել «Շահնուր» անունը, փոխարենը «Շառլ» անունն էր տրվել …

Մայրը Թուրքիայից էր, հայրը` Վրաստանից, ներողություն, մենք, ի՞նչ իմանայինք, որ նա էլ է «հայ»…

Հետո միայն իմացանք, թե ինչեր են տեղի ունեցել, ինչեր տեղի չեն ունեցել: Սակայն ի՞նչ էինք անելու, երգե՞րն էինք թշնամի համարելու…

Երգերը թշնամի չէին և իրականում հենց ինքն էլ թշնամի չէր..

«Մարդկանց, ժողովուրդների դեմ պահանջ չուներ, մենք էլ էինք ուզում, որ չունենար… Գուցե իր կորցրած արմատների հանդեպ ունեցած պարտքի զգացումն էր “քաղաքականացրել” իրեն… Մինչդեռ մենք այդպիսի մահեր չէինք ցանկանում, նույնիսկ եթե մեզանից շատերը մահանային»:

Նույնիսկ «Սիրելուց մահանալ» երգում մեր միտքը «սիրելն» էր:

Մի օր Ստամբուլի գրախանութներից մեկում, երբ դրամարկղի մոտ սպասում էի իմ հերթին, մի երիտասարդ սեղանին դրեց «ֆրանսերեն երգերի» ձայնապնակը. Բրել, Ռեգիանի և ուրիշներ: Նկատեցի` 12 երգիչներից միայն Ազնավուրն է ողջ: Ծերությունը այդպիսի բան է…

«Լավ պահեք Ձեր ձայնապնակը, միայն նա է ողջ մնացել: Այն էլ համերգները չեղյալ է հայտարարել: Դեռևս երեկ ասաց՝ մեկ լավ եմ, մեկ վատ»,-ասացի ես:

Ներողություն մենք, ո՞րտեղից իմանայինք…

Հիացած մնացինք նրա ձայնով, երգերով, որոնք կարծես թաքուն հրավեր էին գլուխներս մեկի ուսին դնելու, մեր ուսերին մեկի գլուխը զգալու:

94-ամյա Շառլ Ազնավուրը մահացավ «թուրք-հայկական սահմանի բացման երազանքով»…

Այստեղ գլխավորը հիասթափությունն էր, որը տեղի ունեցավ նաև նրա երգերից ծնված մեր երազանքներից շատերի հետ:

Այդ պատճառով ես միշտ ամենից շատը սիրել եմ նրա «Desormais»-ը (Այսուհետ):

Այդ երգը թվարկում էր այն ամենը ինչ այսուհետ էլ չէր լինելու…

Ինչևէ…»։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում