Սրտի մաքրութիւն. Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետ

Սրտի մաքրութիւն. Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետ

Ս. Հակոբ Մծբնա հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»:

Վարքագրական աղբյուրների համաձայն` Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած` մանուկ Հակոբն իր քրոջ` Սակդենի հետ տեղափոխվել է Պարսկաստան և որոշ ժամանակ ապրել արքունիքում: Սակայն Ս. Հակոբը թողել է ճոխ կյանքը և դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին, հանդիպել Ս. Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, սակայն թերահավատ են և կասկածում են Նոյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության, Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում