Փոստանջյանը ընդեմ վարչապետի

ԱԺ նիստերի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե իրենք հեղափոխություն են անելու առանց փողոց դուրս գալու, արձագանքել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ինչպես հայտնում է Lurer.com-ը Զարուհի Փոստանջյանը հարցրել է. «Ասացիք, որ հեղափոխությունը չպետք է տեղի ունենա փողոցներում, բայց ուզում եմ ասել, որ դա արդեն իսկ փաստ է, որ ՀՀ-ում փողոց են դուրս գալիս մարդիկ իրենց պահանջներով, քանի որ կառավարությունը և այլ պատկան մարմիններ խնդիրներին լուծում չեն տալիս: Այս պահին փակված է Արմավիրից Երևան եկող ճանապարհը, գյուղացիները բողոքում են կարկտահարության հետևանքով իրենց կրած վնասներից և կառավարությունից պահանջում են հստակ գումարային փոխհատուցում: Սա իրենց պատկերացրած լուծումն է:

Երկու օր առաջ նման մի փաստ արձանագրվեց Երևան-Սևան մայրուղում, այս անգամ ոչ թե քաղաքացիներն էին փակել ճանապարհը, այլ Ոստիկանության և ՊՆ-ի աշխատակիցները: Հենց նույն օրը փակվել էին նաև կառավարության շենքի մուտքերը ոստիկանության ուժերի կողմից, և բողոքավոր քաղաքացիները ձեզանից հաշվետվություն էին ցանկանում լսել, թե ինչու են փակվում Հայաստանում ճանապարհները:

Ես կարծում եմ, որ դուք այստեղ ելույթ ունենալուց անկեղծ չեք: Մենք երկար ժամանակ անցանք և տեսանք, որ այն 5 տարին, որ դուք պաշտոնավարեցիք, ձախողված տարիներ էին բոլորիս համար: Այս պահին կա նաև Փակ շուկայի խնդիրը, դուք ոչ մի խնդրին լուծում չեք տվել և անկեղծ չեք»:

Վերջինիս ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանն ասաց. «Երբևիցե Ձեզ մենք չենք խաբել: Անկեղծության դրսևորումը չափազանց կարևոր է, բայց ես չեմ ընդունում Ձեր անկեղծությունը և անկեղծության դրսևորումները, որոնք ուղղակի նպատակաուղղված են վիրավորանքներ հասցնելուն: Այդպիսի անկեղծություն մեզ պետք չէ:

Արմավիրի մարզի կարկտահարված համայնքների բնակչության դժգոհության վերաբերյալ ասեմ, որ առաջին օրվանից մենք այդ հարցով զբաղվում ենք, արդյուքում՝ տրվել են հստակ հանձնարարականներ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.NET-ը վարչապետը նաև ասել է. «Չի լինելու փոխհատուցում, լինելու է օգնություն: Աշխարհի զարգացած երկրները նույնիսկ չեն կարող փոխհատուցել, մեր պետությունն իր հնարավորությունների սահմաններում անպայման օգնելու է գյուղացիներին: Իսկ փոխվարչապետն այս պահին էլ գտնվում է Արմավիրի մարզում՝ քննարկելու գյուղացիների բարձրացրած խնդիրները»:

Տիգրան Սարգսյանը նկատեց, որ ամբողջական պատկերից հետո կիմանան ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել: Աշխատանքներն այսօր կատարվում են, իսկ արդյունքների մասին կզեկուցեն:

Պատասխանելով Զարուհի Փոստանջյանի մյուս հարցին՝ փողոցներում պայքար տանելու վերաբերյալ, Տիգրան Սարգսյանը նշեց. «Դուք ունեք քաղաքական պայքարի այն ձևը, որով փորձում եք հրահրել քաղաքացիներին փողոց դուրս գալ և դժգոհության ձայն բարձրացնել: Դուք փորձում էիք մարդկանց բերել Կառավարության շենքի դիմաց, ես անձամբ շենքում էի, խնդրեցի, որ պատվիրակություն կազմվի, որին ես կընդունեմ:

Հավաքված մարդիկ նման աշխատանք չէին ուզում, նրանք ցանկանում էին կազմակերպել քաղաքական ակցիա: Հավաքվել և սպասում էին, որ զինվորի դին բերեն: Իսկ ոստիկանությունը գործել է օրենքի համապատասխան և ամեն ինչ արել է, որ երևույթներ չլինեն, որոնք քաղաքացիների համար վտանգավոր կարող են լինել»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Զարուհի Փոստանջյանը ևս մեկ հարց ուղղեց վարչապետին. նա նշեց, որ հանրությունը տեղեկացավ, որ ԶՈՒ որոշ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից: Ըստ պատգամավորի՝ պատասխանատվություն է կրում նաև դատախազը:

«Ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնարկում, որ այդ խարդախ դատախազը հրաժարական տա, նա ևս պետք է պատասխանատվություն կրի: Դուք ասացիք, որ նվազել են բանակում սպանության դեպքերը, բայց մենք ամեն օր ստանում ենք մահացությունների մասին լուրեր»,- ասաց պատգամավորը:

«Դուք ամեն օր ստանում եք տարբեր պատահարների վերաբերյալ տեղեկություններ, դա մեր թափանցիկ աշխատանքի արդյունքն է, որ դուք ծանոթանում եք այդ լուրերին, դրանով է պայմանավորված այն ընկալումները, որ հիմա ձևավորում են: Չեմ կիսում ձեր գնահատականները մեր դատախազների մասին, պետք է զգույշ լինենք այդպիսի գնահատականներ տալուց»,- պատասխանեց վարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում